Search
Close this search box.

Հրազենի գործադրմամբ հերթական սպանությունը. 43-ամյա տղամարդը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 43-ամյա Արման Ք-ն է, ով անհայտ հանգամանքներում ստացել է հրազենային վնասվածք։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզի ոստկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ որտեղ է տեղի ունեցել կրակոցը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում դեպքի որոշ մանրամասներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL