Search
Close this search box.

«Անշարժ գույքի շուկան պարալիզացված է․ ոլորտի վերականգնումը կախված է հետճգնաժամային ռազմավարությունից»

«Անշարժ գույքի շուկան պարալիզացված վիճակում է գտնվում․ այս ոլորտի հետ փոխկապակցված բոլոր գործընթացները 97-98 %-ով սառեցված են, որևէ գործարք չի կատարվում՝ բացառությամբ մի քանի եզակի դեպքերի, որոնք, բնականաբար, ոլորտի վրա մեծ ազդեցություն չեն կարող թողնել։ Վարձակալության շուկայում հատկապես շատ ծանր վիճակ է ստեղծվել, որովհետև, ինչպես գիտենք, օդային ամբողջ հաղորդակցությունը դադարեցված է, քաղաքացիական ավիացիան կանգնած է, դրսից եկողներ չկան, զբոսաշրջիկներ չկան, ո՞վ պետք է գա ու այստեղ բնակարան վարձի, բացի դրանից՝ հասարակական նշանակության գրեթե բոլոր օբյեկտները՝ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, ժամանցի ինչ-որ կենտրոններ, գեղեցկության սրահներ և այլն, դրանք բոլորը մեծամասամբ վարձակալական հիմունքներով տրված տարածքներ են ու պարզ է, որ հիմա դրանք չեն աշխատում ու ամենավտանգավորն այն է, որ այս ամենն անորոշ ժամկետով է՝ չգիտենք, երբ դրանք կվերաբացվեն, այս բոլոր կասեցված գործընթացները երբ հնարավոր կլինի վերսկսել, շարունակել աշխատել, բիզնեսը շատ դժվար կացության մեջ է հայտնվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ակցեռն» կորպորացիայի նախագահ, անշարժ գույքի շուկայի մասնագետ Հակոբ Բաղդասարյանը՝ խոսելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ արտակարգ դրության պայմաններում անշարժ գույքի ոլորտում տիրող վիճակի մասին։

Վերջինիս դիտարկմամբ՝ անշարժ գույքի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 20 % և տնտեսության բոլոր բացասական ազդակներն անդրադառնում են այս ոլորտի վրա նույնպես։

Ինչ վերաբերում է հիպոթեքային վարկառուներին, ապա Հակոբ Բաղդասարյանի խոսքերով՝ ճիշտ է այս փուլում բանկերը վարկային արձակուրդ են տվել վարկառուներին, տույժ-տուգանքներ կամ ժամկետնանց պարտավորություններ այս ժամանակահատվածում չեն լինելու, սակայն սա բնավ չի թեթևացնում վարկառուի բեռը, քանի որ իրավիճակի կայունացումից հետո՝ միևնույնն է՝ քաղաքացիները պետք է շարունակեն վճարել դրանք։

Այսքանով հանդերձ, մեր զրուցակիցը չի շտապում թվերի տեսքով խոսել շուկայի կրած ֆինանսական կորուստների մասին՝ նշելով, որ «վնասները կարող ենք հաշվարկել միայն փոթորիկն անցնելուց հետո»։

Հարցին՝ կառավարության իրականացրած հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական ծրագրերը, տնտեսվարողներին տրամադրվող պետական աջակցությունը կարո՞ղ է ինչ-որ ձև մեղմել ծագած խնդիրները, Բաղդասարյանը պատասխանեց․

«Հիմա ամենամեծ աջակցությունը կլինի այն, որ թույլ տան բացօթյա շինարարություն, կառուցապատում իրականացնել, այս ուղղությամբ սահմանափակումները նվազեցնեն, որովհետև կառուցապատողները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք ի վիճակի են մեծամասշտաբ շինարարական աշխատանքները ժամանակին ավարտել, իրենց պարտավորությունները պատշաճ կատարել, գումարած դրան այն քաղաքացիները, ովքեր նպատակադրվել էին անշարժ գույքի հետ կապված որոշ գործարքներ անել՝ հիմա խաթարված վճարունակության պայմաններում, իհարկե, կվերանայեն իրենց որոշումը, ինչը նույնպես բացասաբար կազդի ոլորտի վրա, մասնավորապես՝ պահանջարկի անկման տեքսով»։

Այս համատեքստում Հակոբ Բաղդասարյանը հավելեց նաև․ «Եթե այս ամենը լավագույն դեպքում ավարտվի մայիս ամսվա վերջին, ապա հաջորդ տարի նոր միայն կկարողանանք շուկայում դրական տեղաշարժ ունենալ՝ տնտեսության վերականգնումից հետո, բնականաբար, և, իհարկե, շատ կարևոր է նաև, թե սրանից հետո ինչ գործիքակազմով, ինչ մեխանիզմների և ինովացիոն գաղափարների ներդրմամբ կառավարությունը կփորձի առաջ շարժվել, օրենսդրական ինչ նախաձեռնություններ կմշակվեն հօգուտ բիզնես սեկտորի և այլն և այլն, իսկ սրանք այնպիսի գործընթացներ են, որոնք հասկանալի է, որ առնվազն մինչև տարեվերջ կարող են ձգվել, հետևաբար շատ բան կախված է հետգճնաժամային ռազմավարությունից և կառավարչական հմտություններից»։

Նյութի աղբյուր` 1in.am

Please enter a valid URL