Search
Close this search box.

Ջրվեժի գերեզմանատան մոտ դաժան ծեծի է ենթարկել նախկին սիրուհուն, ձորից ցած է գլորել, հետո ողջ-ողջ թաղել

1in.am-ը գրում է. Ըստ դատական ակտի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ին 49-ամյա Վիգենը փողոցում պատահական ծանոթացել է Սվետա Բ.-ի (անունը փոխված է) հետ: Մտերմացել են: Վիգենը տեսնելով Սվետայի բնակության տեղի վատթար վիճակը, իր միջոցներով նորոգել է այն: Դրանից հետո նրանց մտերմությունը շարունակվել է: Բայց 2009-ի ապրիլին նրանց հարաբերությունները վատացել են: Վիգենը դրանից ելնելով՝ պահանջել է, որ Սվետան փոխհատուցի տան նորոգման համար իր ծախսած գումարները: Հնչեցրել է սպառնալիքներ:

2009 թվականի մայիսին, ըստ մեղադրանքի, Սվետան ու նրա դուստրը արգելել են Վիգենին իրենց տուն այցելել: Վիգենը, ըստ մեղադրանքի, դրանից ավելի է վրդովվել:

Մայիսի 9-ին, ժամը 12-ի սահմաններում իրենց փոխհարաբերությունները պարզելու առաջարկով Վիգենը Սվետայի հետ հեռախոսով պայմանավորվել է հանդիպել ու իր «ԳԱԶ-24» մեքենայով Սվետային տարել է դեպի Ջրվեժի գերեզմանատուն:

Ճանապարհին նրանք վիճել են: Երբ հասել են գերեզմանատուն և իջել են մեքենայից, Վիգենը, ըստ մեղադրանքի, սպանության դիտավորությամբ սկսել է հարվածներ հասցնել Սվետային, պատճառել է գանգի թաղի ու հիմի ոսկրերի կոտրվածքներ, արյունազեղումներ ուղեղանյութում, գլխուղեղի փափուկ թաղանթներում, քթոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ:

Ապա, ըստ մեղադրանքի, Վիգենը հրել, Սվետային գցել է հարակից ձորը: Ընկնելուց Սվետան նոր վնասվածքներ է ստացել, բայց դեռ ողջ է եղել:

Ըստ մեղադրանքի՝ կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ Վիգենը չմահացած Սվետայի մարմինը ծածկել է հողով՝ առաջացնելով հողի ներթափանցում շնչուղիներ ու մեխանիկական շնչահեղձություն, այսպիսով նա կյանքից զրկել է Սվետա Բ.-ին, ինչից հետո մեքենայով հեռացել է…

Վիգեն Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Վիգեն Գ.-ն այդ մեղարանքը չի ընդունել: Նա հայտնել է, թե իրենց առաջին հանդիպման ժամանակ, երբ ինքը Սվետային, որպես պատահական ուղևորի, նստեցրել է իր մեքենա, նա պատմել է, որ ծանր սոցիալական վիճակի պատճառով զբաղվում է մարմնավաճառությամբ: Ինքը նրան տարել է տուն, որը գտնվում էր Նոր Նորքի զանգվածներից մեկում: Բնակարանը վթարային շենքում էր, այնտեղ Սվետան ապրում էր աղջկա ու թոռան հետ:

Բնակարանն ահավոր վիճակում էր՝ առանց դռների ու պատահանների, գազ, հոսանք չկար, «դատարկ չորս պատ էր»:

Ինքը «խղճի խայթ» է զգացել ու այդ կնոջը ո՛չ բարեկամ, ո՛չ հարազատ լինելով՝ երեք ժամ հետո իր մեքենան շինանյութ է բարձել, տարել նրա տուն ու մի քանի երիտասարդների օգնությամբ դուռ-պատուհան է տեղադրել:

Այդ օրվանից սկսվել է իր ու Սվետայի մտերմությունը:

Ինտիմ կապ է առաջացել: Ինքը բազմիցս այցելել է նրա տուն, նրա ընտանիքին բազմիցս օգնել է:

Հետագայում ինքն ու Սվետան վիճել են, իրենց ինտիմ կապը խզվել է, բայց ինքը շարունակել է նրա հետ ընկերություն անել, դարձյալ օգնել է տարբեր հարցերում:

2009 թվականի հունվարի 4-ին նրանց տան աստիճաններով բարձրանալիս լսել է Սվետայի ու նրա դստեր խոսակցությունը. դուստրը մորը նախատում էր, թե նա ինչու աշխատանքի, այսինքն՝ մարմնավաճառության դուրս չի գալիս, Սվետան էլ ասում էր, թե դրա պատճառն ինքն է իբր: Ինքը զայրացած մտել է նրանց տուն ու ապտակել է Սվետային՝ ասելով, որ մոռանա իրեն, այլևս չանհանգստացնի:

Հունվարի 7-ին իրեն հրավիրել են ոստիկանություն, ինքը տեսել է Սվետայի ձեռքով գրված բողոք, իբր ինքը ահաբեկում է, պահանջում է վերադարձնել բնակարանի նորոգման համար իր ծախսած գումարները: Ինքը ոստիկանությունում ասել է, թե նման պահանջ Սվետայից չունի:

Հունվարի 10-ին ինքը ինֆարկտ է տարել: Սվետան եկել է հիվանդանոց, խնդրել է ներել:

Ապրիլին Սվետան զանգել է իրեն, ասել է, թե հիվանդ է, պարտքեր ունի, պարտատերերը հանգիստ չեն տալիս:

Մայիսի 8-ին ինքը գնացել է նրան տեսնելու, բայց նրա աղջիկը պահանջել է, որ ինքը նրանց չանհանգստացնի, նրանց տուն չգնա, իսկ եթե մոր հետ պիտի հանդիպի, ապա հանդիպեն այլ տեղ:

Մայիսի 9-ին զանգել է Սվետան, խնդրել է հանդիպել: Հանդիպել ու իր մեքենայով գնացել են Ջրվեժի գերեզմանատուն, որ հանգիստ խոսեն: Բայց խոսակցության ընթացքում վիճել են: Սվետան ագրեսիվ էր, ինչի պատճառով ինքը ձեռքով խփել է նրան: Սվետան վախից հետ-հետ է գնացել: Իրենք կանգնած էին ձորաբերանին, Սվետան կորցրել է հավասարակշռությունն ու գլորվել է ձորը: Ընկնելու պահին նրա ձեռքից ընկել է հեռախոսը: Ինքն այդ պահին զայրացած էր, հեռախոսը վերցրել ու դեն է նետել: Հետո իջել է Սվետայի ընկած տեղը, ստուգել է նրա զարկերակը, շնչառությունը, մտածել է, թե նա մահացել է: Քանի որ հանկարծակիի էր եկել, չի կողմնորոշվել, մարմինը ծածկել է հողով, քարերով, հետո՝ թիթեղով, որ շներն ու ագռավները չհոշոտեն, ու մեքենայով հեռացել է:

Նույն օրվա երեկոյան Սվետայի դուստրը զանգել, կանչել է իրեն, ինքը գնացել է նրանց տուն, աղջիկն ասել է, թե մայրը կորել է: Ինքն առաջարկել է դիմել ոստիկանություն: Հաջորդ օրերին ինքը Սվետայի աղջկա ու որդու հետ տարբեր վայրերում փնտրել է Սվետային, բայց, իհարկե, ապարդյուն: Ինքն իրեն շատ վատ էր զգում, բայց իրականությունը Սվետայի երեխաներին չի ասել:

Մայիսի 18-ին իրեն հրավիրել են ոստիկանություն, այնտեղ ինքը խոստովանել է կատարվածը, ցույց է տվել դիակի տեղը…

Վիգեն Գ.-ն զղջացել է, միևնույն ժամանակ պնդել է, որ իր արարքը դիտավորյալ սպանություն չի եղել: Սվետայի մարմնական վնասվածքներն առաջացել են նրա՝ ձորն ընկնելու հետևանքով: Ինքը սխալմամբ մտածել է, թե նա մահացած է, ծածկել է հողով, վրան քարեր է լցրել, որոնցից էլ հավանաբար առաջացել է վնասվածքների մի մասը…

Սվետայի մայրը հայտնել է, թե իմացել է, որ Սվետան ընկերություն է անում Վիգենի հետ, վերջինս նորոգել է աղջկա բնակարանը: Բայց հետո Վիգենը սկսել է պահանջել նորոգման վրա ծախսած գումարները, պահանջել է 220 հազար դրամ ու սպառնացել է սպանել աղջկան, եթե նա այդ գումարը չտա…

Դատարանը Վիգեն Գ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2009 թվականի մայիսի 18-ից:

Որոշվել է Վիգեն Գ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 698 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառած նյութական վնասի հատուցում:

Դատական ակտը չի բողոքարկվել:

1in.am

Please enter a valid URL