Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Տեղում հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Միրան Մ., ծնված 1991 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Shamhsyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարների ու ոստիկանների հետ զրույցում տղամարդն ասում էր. «Սոցիալապես անապահով խավից եմ: 6 երեխա ունեմ, ու հիմա էլ կինս հղի է: Չգիտենք, թե ում դիմենք, որ մեզ էլ նպաստ տան: Երեկ, բարեբախտաբար մի քանի պատգամավորի հանդիպեցի, նրանցից մեկը նույնիսկ ինձ տարավ իր տուն: Սակայն դրանով իմ պրոբլեմները չլուծվեցին»:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզում են քաղաքացու ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն այդ տղամարդը հրաժարվում է բժշկական օգնությունից:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ այդ քաղաքացին վերջին ժամանակներս կարծես ավանդույթ է դարձրել նման կարգի բողոքի ակցիաներ իրականացնելը և աչքի է ընկնում անհավասարակշիռ վարքագծով, ինչի վառ վկայությունն էլ տեսանյութն է: