Search
Close this search box.

Երկուշաբթիից թույլատրվելիք գործունեության տեսակների, ապրիլի 24-ի, մայիսյան տոների կազմակերպման մասին

«Անխուսափելի է, պետք է արտակարգ դրությունը երկարացնենք։ Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում ու դրանից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ դա կքննարկվի»,- քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվելով գործունեության մի շարք տեսակներ, որոնք ամբողջությամբ թույլատրված կլինեն երկուշաբթից, դրանք են՝ գյուղատնտեսություն, ձկնորսություն, հանքարդյունաբերություն, էլեկտրականություն, գազ, գոլորշի ոլորտ, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, լաբորատոր ոլորտ, պահեստային տնտեսություն, ֆինանսական ու ապահովագրական գործունեություն, առողջապահության և բժշկական սոցիալական սպասարկում և այլն։

«Ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք նաև բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, իսկ ապրիլի 20-ից հետո կբացենք նաև տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտանք, գիտական հետազոտություններ ու մշակում ոլորտին հնարավորություն կտանք աշխատելու»,- շարունակեց նա՝ անդրադառնալով նաև Ապրիլի 24-ի ու Մայիսի 9-ի միջոցառումներին։

«Այս միջոցառումները նույնպես պետք է սահմանափակվեն, այսինքն՝ քաղաքացիների մասնակցությունը պիտի սահմանափակվի։ Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, նույնը վերաբերում է նաև մայիսի 1-ին, 8-ին, 9-ին»,- ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, առաջիկայում այն ընդհանրապես կարգելվի։ Տաքսիների գործունեությունը, անձնական փոխադրամիջոցները թույլատրված են։

Please enter a valid URL