Գլխավոր դատախազությունը հայտնել է քաղավիացիայի ոլորտի առնչությամբ երկու քրեական գործի մասին, որն առնչվում է պաշտոնյաների պաշտոնական դիրքը չարաշահելուն: Առայժմ հայտնի չէ, թե ում մասին է խոսքն ու ովքեր կլինեն այդ գործով ներգրավված որպես մեղադրյալ:
Հայաստանի քաղավիացիայում կարծես թե տեղի է ունենում մեծ պայթյուն, որի խթանը եղավ ավիացիոն միջազգային կազմակերպության որոշումը՝ անվտանգային մի շարք ստանդարտների չհամապատասխանելու համար հայկական ավիաընկերությունների Եվրոպա չվերթերը դադարեցնելու վերաբերյալ: Զուգահեռ հայտնի դարձավ, որ հայկական գրանցում ունեցող օդանավերը ներգրավված են եղել դեպի Աֆրիկա թռիչքների եւ զենքի անօրինական առեւտրի գործընթացում:
Հայկական ավիացիայի շուրջ իրավիճակը դարձյալ փոթորկուն է, ինչը անկախությունից ի վեր կրել է պարբերական բնույթ: Անկախությունից հետո Հայաստանում ստեղծվել ու սնանկացել է երկու ազգային ավիափոխադրող ընկերություն՝ Հայկական ավիաուղիներ եւ Արմավիա: Ընդ որում, երկու դեպքում էլ դաշտը ողողված է եղել գործընացների կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարություններով: Օրինակ, Արտաշես Գեղամյանը բազմաթիվ հայտարարություններ էր անում այն մասին, որ Հայկական ավիաուղիները սնանկացվել է միտումնավոր՝ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Բաղդասարովի Արմավիայի համար ճանապարհ բացելու նպատակով:
Հետո Գեղամյանը դարձավ Սերժ Սարգսյանի մերձավոր գործիչ: Իսկ Բաղդասարովը շնորհազրկվեց Սերժ Սարգսյանի մերձակայքից: Մինչ այդ նա հասցրեց ունենալ Արմավիա, որը հասցրեց ունենալ Ազգային փոխադրողի կարգավիճակ եւ մենաշնորհային դաշտ: Սակայն, սնանկացավ նաեւ մենաշնորհ ունեցող Արմավիան, որն արդեն իսկ գործնականում դարձել էր ռուսական ընկերություն: Կոռուպցիոն կասկածներ սկսեցին նաեւ Արմավիայի սնանկացման կապակցությամբ:
Դրանից հետո Հայաստանն անցավ այսպես ասած բաց երկնքի քաղաքականության, ինչը սակայն տարիների ընթացքում հայկական ավիաշուկայում չբերեց էական փոփոխության: Զուգահեռ եղավ մեկ այլ սկանդալ՝ քաղավիացիայի նախկին ղեավար Արտյոմ Մովսիսյանի շուրջ, երբ թերթերից մեկը գրեց, թե նրան հեռացնում են գերմանական Լյուֆթհանզայից Հայաստան թռիչքի իրավունքի համար կաշառք պահանջելու համար: Կարճ ժամանակ անց նա իսկապես ազատվեց պաշտոնից, բայց ինչի համար՝ պարզ չէր:
Հայաստանի ավիաշուկայում փոփոխություն եղավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ շուկա մուտք գործել սկսեցին բյուջետային եվրոպական ավիաընկերություններ: Սակայն, նրանք չհասցրին ծավալվել՝ ծավալվեց կորոնավիրուսը: Նաեւ հասցրեց ծավալվել ներքին բավականին հակասական վիճակ, որը խոստովանեց անգամ վարչապետը, հայտնելով, որ քաղավիացիայի համակարգում աշխատող մի շարք պաշտոնյաներ գրեթե բացահայտ գործել են կառույցի երիտասարդ ղեկավար Ռեւազյանի դեմ: Վերջին սկանդալի առնչությամբ վարչապետը հայտարարել էր, թե նրանից թաքցրել են տեղեկատվությունը:
Հայաստանը բաց երկնքի փոխարեն առայժմ ավելի շատ գտնվում է ավիացիայի բաց վերքի փուլում, ու այդ վերքը կարծես թե չի փակվում տարիներ շարունակ, որ իրապես բացվի հայկական երկինքը: Ինչ կփոխեն այդ առնչությամբ ներկայիս սկանդալը եւ քրեական գործերը:
ԱԱԾ է հրավիրվել ավիացիայի ոլորտի վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա խորհրդականի պաշտոնից հրաժարական էր տվել օրերս, ավիացիոն նոր սկանդալի ֆոնին, բացատրելով, որ կամ ինքը պետք է ստանա իրապես գործելու հնարավորություն՝ իր թիմով, կամ անիմաստ է տալ խորհուրդներ: Վարչապետը ստորագրել էր հրաժարականը: Դրանից հետո Հակոբ Ճաղարյանը հրավիրվել էր ԱԱԾ: Երկու ժամ տեւած զրույցի կապակցությամբ նա հայտարարեց, որ եղել է շատ լավ զրույց, եւ ԱԱԾ-ում կան հայկական ավիացիայի ապագայով մտահոգ պրոֆեսիոնալներ:
Նյութ աղբյուր՝ lragr. am