Search
Close this search box.

Մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին. մանրամասներ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 16-ի նիստին ներկայանալու հարցը, շատ երկար չի տեւել: Ներկա չեն եղել Սիփան Փաշինյանն ու Արեն Մկրտչյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարդացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նամակը, ապա` իրենց պատասխանը նամակին, հարցրել է` համաձա՞յն եք այսպես պատասխանելուն, ասել են` «նորմալ է, բայց կարելի է գեղարվեստականությունը մի կողմ դնել»:

«Գեղարվեստը» վերաբերել է ՀՀԿ-ից ստացված նամակի այն հատվածին, ուր նշվել է, որ «հրավերը մերժելու գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ եւ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվում է հիշյալ պաշտոնատար անձին (Անդրանիկ Քոչարյանին) այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում»:

Հանձնաժողովի նախագահը պատասխանել է այդ հատվածին երկար-բարակ ձեւակերպումներով, հանձնաժողովականներն առաջարկել են ավելի կարճ-կոնկրետ պատասխանել։ Գրել, որ համաձայն են նիստից առաջ անցնել կորոնավիրուսի թեստ եւ նիստի ձայնագրությունը տրամադրել երրորդ նախագահին: Ի դեպ, հանձնաժողովականներին ասվել է նաեւ` մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին, ներկայացրեք` տեսնենք: Իսկ հանձնաժողովի որոշ անդամներ մտմտում են` ներկա լինե՞լ նիստին, թե՞ ոչ: Մինչդեռ, ստանալով պատասխանը, ՀՀԿ-ում որոշել են, որ տարբեր ընթացակարգերին ու պսեւդո իրավական հիմքերին կատարված հղումները հող են պատրաստում, որ հետագայում մերժեն ձայնագրության տրամադրումը։ Նրանք պահանջում են հստակ ասել՝ այո կամ ոչ»:

Please enter a valid URL