Search
Close this search box.

Ինչու դիզելի գինը չի նվազում

Ամբողջ աշխարհում և Հայաստանում նավթամթերքից բենզինի գինը էական անկում է ապրում։ Դրան հակառակ՝ դիզելային վառելիքի գինը գրեթե չի նվազում։

Երևանյան բենզալցակայաններում դիզելային վառելիքն այսօր` ապրիլի 6-ին, վաճառվում էր 370-390 դրամ/լիտր միջակայքում։ Իսկ «եվրո 5» տեսակի դիզելը հնարավոր էր գնել 520 դրամ/լիտր արժեքով։

Հայաստանն ամենից շատ նավթամթերք ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից։ Մաքսային ծառայության տվյալներով, ՌԴ-ից 2018-ին ներմուծվել է 207 հազար 504 տոննա նավթամթերք, իսկ 2019-ին՝ 283 հազար 552 տոննա։ Ծավալի մեծությամբ ՌԴ–ից հետո նավթամթերք ներմուծում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Իրանից 2018 թ.-ին ներմուծել ենք 5 հազար 204 տոննա, իսկ 2019 թ.-ին՝ 45 հազար 404 տոննա։ Միայն գրավոր հարցմամբ է հնարավոր ՊԵԿ–ի մաքսային ծառայությունից ճշգրիտ իմանալ, թե որ երկրից ինչ քանակի դիզելային վառելիք ենք ներմուծել։ Մինչ գրավոր ընթացակարգով պատասխան ստանանք, նշենք, որ Իրանից ներկրված նավթամթերքի ծավալում գերակշռում է հենց դիզվառելիքը։

Բենզինի համաշխարհային գների անկումը բացատրվում է կորոնավիրուսի պատճառով վառելիքի այս տեսակի պահանջարկի նվազմամբ։ Մարդկանց շարժը հարկադրաբար նվազել է ամբողջ աշխարհում, հետևաբար նվազել է նաև բենզինի պահանջարկը։

Նույնը տեղի չի ունեցել դիզելային վառելիքի դեպքում։ Դիզվառելիքն, ի տարբերություն բենզինի, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչեւ բեռնափոխադրումներ (որոնք այս օրերին էլ շարունակվում են)։

ՌԴ-ում նավթամթերքի գները ներկայացնում ենք ստորև աղյուսակում, որտեղ երևում է, որ դիզելի գինը ապրիլի 6-ի դրությամբ կազմում է 0.596 եվրո կամ 47 ռուբլի։ Եթե այն վերածենք այսօրվա հայկական բանկերի միջին փոխարժեքով դրամի, ապա կստանանք 305 դրամ։

Մոսկվայում և Երևանում վաճառվող ռեգուլյար (АИ- 92) տեսակի բենզինի 1 լիտրի արժեքի տարբերությունը մոտ 40 դրամ է, իսկ դիզելի դեպքում տարբերությունը 75 դրամ է։ ՌԴ–ում դիզելն էժան է միայն «АИ- 98» տեսակի բենզինի գնից, այն էլ՝ չնչին տարբերությամբ։ Երկու պատճառ կարող է ունենալ ՌԴ–ում և ՀՀ–ում վաճառվող դիզելի գների էական տարբերությունը։

Նյութի աղբյուր hetq.am

Please enter a valid URL