Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում չկա որևէ պետություն, որն իր ու իր ժողովրդի անվտանգության և հզորացման համար չունենա արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն, ասել է թե՝ դաշնակից-բարեկամ պետություն:
Նորանկախ Հայաստանի բոլոր՝ նախկին և ներկա իշխանությունները Հայաստանի և Հայ Ազգի համար միշտ էլ ընտրել են կործանարար «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ մեկ ոտքով արևմուտք, մեկ ոտքով Ռուսաստան, որն, ուղղակի, անթույլատրելի է: Ինչո՞ւ է անթույլատրելի: Որովհետև, ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս համար, Հայաստանի և՛ արևելքից, և՛ արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր և ոխերիմ թշնամիներ: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանն՝ ի դեմս Հայաստանի իշխանության, պարտադիր պետք է որդեգրեր ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը, այլ բացառապես համագործակցեր Հայաստանի Հանրապետության ռազմավարական միակ գործընկեր Ռուսաստանի Դաշնության, ասել է թե՝ հայ ժողովրդի դարավոր բարեկամ, քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի հետ:
Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան ժամանակաշրջանում, որտեղ գրեթե ամենուր պատերազմական գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն անել կամ դաշնակից լինել արևմուտքի և Ռուսաստանի հետ: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը պետք է բացառի Հայաստանը կործանման տանող՝ իր որդեգրած արտաքին «և՛-և՛»-ի քաղաքականությունը: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի դարավոր բարեկամ, ռազմավարական միակ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ միասին և վե՛րջ:
Ավելին, հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում իսկական խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, Հայաստանի իշխանությունը պե՛տք է նպաստի և աջակցի Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը, Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունն այսուհետ միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:
Հայաստանի վարչապետի պաշտոնը ժամանակավոր զբաղեցնող Փաշինյան Նիկոլը և ամերիկահպատակ իր ծաղրածու կառավարությունը, Հայաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերի ու ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների դեմ ուղղված, ծավալել են մտածված ու նպատակային հակառուսական քարոզարշավ, որոնք քաղաքական անհեռատեսության ու հայակործան դրսևորումներ են, և սպասարկում են հայ-ռուսական դարավոր բարեկամությունը գիտակցաբար ոչնչացնող թուրք-ադրբեջանական ու արևմտյան քաղաքական կեղտոտ ուժերի շահերին:
Ժամանակակից Ռուսատանի Դաշնությունն, իր շեշտակի զարգացող ռազմատնտեսական հզորությամբ, միջազգային բոլոր հարթություններում առաջատար դերակատար է, և Հայաստանի ազգային-պետական շահի՛ց է բխում ազնիվ և վստահելի գործընկերությունը Ռուսաստանի հետ՝ բոլոր ոլորտներում:
Ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից, այդ թվում նաև Հայաստանի արտաքին անվտանգության ամրապնդման և Հայ Ժողովրդի գոյության պահպանման ու զարգացման կենսական հրամայականից՝ Հայաստանի հաջորդ՝ ազգային-պետական իշխանությունն անպայման պե՛տք է լինի Ռուսաստանի Դաշնության ազնիվ և վստահելի գործընկերը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան