«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը։
Նա, մասնավորապես, հավելել է. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի շարք տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տրամադրել մանրամասներ այս դրամաշնորհի մասին։
ԻԱԿ-ին ի պատասխան՝ նախարարությունը որպես այս օրենսդրական փոփոխության հիմնավորում նշում է ծրագրի շրջանակում իրականացված փորձագիտական վերլուծությունը, սակայն պատասխան գրություններից եւ ոչ մեկով այդպես էլ չի տրամադրել ո՛չ վերլուծությունը, ո՛չ դրա հրապարակման պաշտոնական հղումը, ոչ էլ, թե կոնկրետ ո՛ր փորձագետներն են մշակել օրենքի նախագիծը։
Նաեւ մեր այն պնդմանը, թե Շրջակա միջավայրի նախարարությունում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
օրենքի նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ապա ինչու այդ մասին որեւէ տեղեկատվություն առկա չէ նախարարության կայքում, պաշտոնական գրությամբ պատասխանել են. «նախարարության պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով»։