Search
Close this search box.

ԲՀԿ նախագահի չորս ուղերձներն իշխանությանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ինքը լինելով խոշոր սեփականատեր, պատրաստվում է վճարել իրեն սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատողների աշխատավարձերը` տվեց շատ հստակ գնահատականներ, որոնք կարելի է պայմանականորեն բաժանել չորս մասի:

Նախ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն ընդամենը սեփականատեր է, կան ընկերություններ որտեղ ինքն ընդամենը ունի մասնաբաժին և դա նշանակում է, որ որոշումները կայացվում են համատեղ:

Երկրորդը, նա «Շանգրիլա» խաղատան օրինակով հասկացրեց, որ որոշումները կայացվում են կառավարիչների մակարդակով, քանի որ հենց նրանք են ընդունում ֆինանսների կառավարման հետ կապված խնդիրները:

Սա նշանակում է, որ սեփականատերը չի կարող յուրաքնչյուր դեպքում միջամտել ընկերության ներսում կայացվող որոշումներին, այլապես կստացվի, որ հենց ինքն է կառավարիչը և ոչ թե գործադիր տնօրենը: Չնայած դրան, Ծառուկյանը ավելացրեց, որ ինքը որպես սեփականատեր չի պատրաստվում այս ճգնաժամային իրավիճակում միայնակ թողնել իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերությունների աշխատակիցներին և իր հնարավորության սահմաններում աջակցելու է նրանց:

Երրորդը, Ծառուկյանը հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող հարկային և տնտեսական քաղաքականությունը տնտեսվարողներին դրել է այնպիսի վիճակում, որ նրանք չունեն կայունության անհրաժեշտ պաշար, որպեսզի դիմանան ճգնաժամին, այլ ընդհակառակը` այնքան թուլացած են, որ ցանկացած, նույնիսկ թույլ ցնցում կարող է տապալել և ոչնչացնել նրանց:

Ծառուկյանը բաց տեքստով իշխանությանը մեղադրեց տնտեսությանը և տնտեսվարողներին հարկային տեռորի միջոցով արյունաքամ անելու միջոցով հաշմանդամ անելու մեջ: Գաղտնիք չէ, որ տնտեսության արյունը դա ֆինանսական միջոցներն են, որոնց շարժն էլ ապահովում է տնտեսական զարգացում:

Եվ չորրորդ, Ծառուկյանը շատ հստակ մեսիջ հղեց իշխանությանը, որ հարկադիր պարապուրդի մատնված քաղաքացիների օգնության հարցը չի կարելի թողնել տնտեսվարողների վրա, և այդ բեռը իր վրա պետք է վերցնի պետությունը:

Որովհետև ինչպես արդեն նա նշել էր պետության քաղաքականության արդյունքում տնտեսվարողներն իրենք էլ են հայտնվել մի վիճակում, որ իրենք ընդունակ չլինելով օգնելու, հենց իրենք ունեն պետության աջակցության կարիքը:

Որովհետև եթե անգամ Ծառուկյանը կարողանա իր անձնական կամ դրսից ներգրավված միջոցների հաշվին վճարի իրեն սեփականության իրավունքով պատկանող աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը, դա էական ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր պատկերի վրա:

Իսկ եթե պետությունը փորձի վարչական և ադմինիստրատիվ լծակների միջոցով այդ բեռը դնի բոլոր տնտեսվարողների վրա, ապա կկործանի տնտեսվարողներին էլ, տնտեսությունն էլ, պետությունն էլ՝ ընդհանրապես:

Ծառուկյանը սա բացատրեց շատ հստակ և հասկանալի, ով հասկանալու ընդունակություն ունի կհասկանա, ով ոչ` կգնա կործանման ճանապարհով:

Հ.Գ.Ծառուկյանը մի շատ նուրբ ակնարկ էլ արեց, թե ինչպես կարելի էր ընդհանրապես խուսափել այս իրավիճակից, բերելով Բելոռուսի օրինակը, բայց դա խոսակցության այլ թեմա է, որին մենք կանդրադառնանք վաղը:

ArmLife.am

Please enter a valid URL