Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում անդրադարձել էի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «բրենդային» հայտարարությանը, որը վերաբերում էր դատական համակարգին չվստահելուն և այդ համակարգի իրավական ակտերի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքին։ Չմանրամասնելով նախորդ հոդվածիս ակնարկները, համոզված էի, որ Արսեն Թորոսյանի այդ հայտարարությունը, որ իբրև ինքը չի պատրաստվում կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, քանի որ դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը, չի մնալու անտեսված։
Կանխատեսումներս երկար սպասել չտվեցին, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախարարի հայտարարությանը տվեց շատ լոյալ և ինչու չէ՝ դիվանագիտական պատասխան՝ նկատելով, որ գործող նախարարը շատ ծանրաբեռնված է աշխատանքով, ինչը իհարկե, օբյեկտիվորեն հաշվի առնելով, չենք կարող ժխտել։
Սակայն ԲԴԽ նախագահը մասնավորապես հակադարձեց Թորոսյանի ասածին՝ նշելով, որ Հայաստանում չի կարող որևէ մեկը, որևէ պաշտոնյա հայտարարել, թե ինքը չի ընդունում դատարանի կայացրած ակտը, կամ ավելին՝ չի կատարելու այն, որից հետո հստակ ու պարզ հասկացրեց, որ «իհարկե կատարելու է»։ Թողնենք ժամանակի դատին դատական ակտի կատարման կամ չկատարման կամ էլ դրանցից բխող հետևանքների առաջացման հարցերի քննարկումը և կարծում եմ, որ մենք դրան դեռ կանդրադառնանք։
Վաղուց եկել է ժամանակը՝ քաղաքակրթական նոր հարթության վրա կանգնելու և ժամանակի պահանջն է ցանկացած իրավահարաբերություն կարգավորել այդ համատեքստում։ Նոր Հայաստանում ապրող քաղաքացու իրավագիտակցությունը ստիպում է հարցերի կարգավորման ոչ կամայական բանաձև՝ այն բերելով օրենքի ու օրինականության հարթության վրա։ Ասածս որևէ անձնական տիրույթում չեմ ցանկանում քննարկել, պարզապես հիշեցնում եմ, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ՝ ինչպես նախարար, այնպես էլ հասարակ մահկանացու։
Մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար օրինակ են ծառայում օրակարգ թելադրող «մեծարգոները» և պարզապես հիշենք, որ եթե հանկարծ իրավունքի և օրենքի նկատմամբ նմանօրինակ մոտեցումը դառնա օրինաչափ կամ ընդունվի որպես այդպիսին, ապա կառաջնորդվենք ոչ թե օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով, այլ՝ ասպես կոչված, «սամասուդ»-ով ու այս դեպքում՝ մեզ հաստատ դատարան պետք չի լինի։
Լիլիթ Սիլանյան
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան