Իտալիայում կորոնավիրուսով վարակի բարձր մահացության պատճառը, բացի երկրի ժողովրդագրական առանձնահատկություններից, սխալ թեստավորման համակարգն է․ թեստավորում անցնում են միայն վառ արտահայտված ախտանիշներով հիվանդները, գրում է իտալական Corriere della Sera թերթը:
Հրապարակման համաձայն, պաշտոնական թվերը չեն արտացոլում վարակակիրների իրական տվյալները, քանի որ համավարակի բռնկման հետ կապված՝ Իտալիան փոխել է իր թեստավորման ռազմավարությունը: Վարակման առաջին դեպքերից սկսած, փետրվարի 21-ից հետո, երբ հիվանդության լոկալ բռնկում էր հայտնաբերվել Լոմբարդիայի շրջանի Կոդոնյո փոքրիկ քաղաքում, թեստեր էին արվում բոլոր նրանց, ում հետ շփվել էին վարակված անձինք:
Վարակակիրների թվի աճի հետ միասին, ինչպես նաև պաշտպանիչ նյութերի և անձնակազմի անբավարարության պատճառով, որոշում կայացվեց թեստավորել միայն կորոնավիրուսի համար ակնհայտ և ծանր ախտանիշներ ունեցող մարդկանց։
Իտալիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Երկրում կա արդեն ավելի քան 59 հազար վարակակիր և այս պահին մահացության ցուցանիշը ամենաբարձրն է (մոտ 10 տոկոս):