Երեք օրվա տարբերությամբ կապանցի քույր և եղբայր են մահացել ողբերգական ավտովթարներից: Մարտի 17-ին, Սյունիքի մարզում մեծ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 33-ամյա Սվետլանա Խաչատրյանը, ով Կապանի բնակչուհի էր, մահացել է, իսկ ամուսնու՝ Ռուբեն Մովսիսյանի ձեռքը կոտրվել:
ArmDaily.am-ի տեղեկություններով ամուսինները 2 փոքրիկ երեխա ունեն: Աղբյուրի տեղեկություններով Սվետլանա Խաչատրյանի եղբայրը՝ մոսկվայաբնակ Աշոտ Խաչատրյանը եկել է Հայաստան, քրոջ հուղարկավորությանը մասնակցելու:
Ըստ մեր տեղեկությունների՝ երկու օր անց Աշոտ Խաչատրյանն իր քրոջ ամուսնու՝ Ռուբեն Մովսիսյանի հետ, փորձել են գալ Երևան՝ բժշկի, փեսայի ձեռքը բուժելու համար, սակայն ժամը 13։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 99 GD 099 համարանիշի ավտոմեքենայով վերջիններս Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Սակայն Աշոտ Խաչատրյանի կյանքը փրկել բժիշկներին չի հաջողվել և նա մահացել է: