Search
Close this search box.

Գորիսի քաղաքապետը, տեղակալը և նրանց մերձավորները կասկածվում են քաղաքացուց 33 մլն դրամի շորթում կատարելու մեջ. քաղաքապետը ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ:

Կայքի փոխանցմամբ՝ Գուրգեն Հ.-ն Կապանի ոստիկաններին հայտնել է, որ իրեն մեղադրում են, որ ինքը իբրև թե 2015-2020 թվականների ընթացքում Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանին պատկանող շինանյութի պահեստից այդքան գումարի գողություններ է կատարել, ու այդ ամենի դիմաց իր կամքին հակառակ, ստիպողաբար իրենից վերցրել են իր անձնագիրը, իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի 01 ՍD 099 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև պարտադրել են գրավադրել իր կնոջ հարազատների բնակարանները:

Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և քաղաքապետը՝ որպես կասկածյալ, իրոք ձերբակալվել է:

Կայքի տեղեկություններով, իավապահներները ունեն կասկածներ, որ հնարավոր է, Գ. Հովսեփյանը չափազանցնում է և գույները խտացնում:

Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է տեղի ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և նրա տեղակալի բնակարաններում, կար նաև տեղեկություն, որ նրանք ձերբակալվել են։ Պարոն Առուշանյանը չի պատասխանել Aravot.am-ի հեռախոսազանգերին՝ մեկնաբանության համար: Կապ է հաստատվել համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա խուզարկության մասին ոչինչ չի հայտնել և ընդամենն ասել է, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են, ու իրենք չգիտեն, թե ինչ նպատակով է տարածվել այդ տեղեկատվությունը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/21/1150439/

Please enter a valid URL