Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel Zafira-ն առաջ է ընթացել, կոտրել Opel Omega-ի տիրոջ տան երկաթե դարպասները և փլուզելով պատերը, մխրճվել ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Հարությունն Թորոսյանն ու տեսուչ Գեղամ Մովսիսյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու տանտերերը, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: