Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել Արցախում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ․ «Մարտունու քաղաքապետը փակել է ճանապարհը՝ արգելելով իրականացնել Արցախի Հեղափոխական կուսակցության քարոզարշավը։ Նա պատճառաբանել է, որ նախագահի թեկնածու Արայիկ Հարութունյանն իր ընկերն է ու թույլ չի տալու նրա դեմ խոսել»,- նշված է տեքստում։
Այս առնչությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Պաշտպանն անընդունելի է համարում նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման գործողությունները
Այսօր Artsakh1.am ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱՀ Մարտունու քաղաքապետը ճանապարհը փակում և խոչընդոտում Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք Մարտունի:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում Մարտունու համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման: Համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների և ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից: Իսկ եթե այդ իրավունքներն իրացնելիս կատարվում են օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումներ, ապա միայն այդ ժամանակ պատկան մարմինները կարող են կիրառել իրավաչափ ու համաչափ սահմանափակություններ ու պատասխանատվության միջոցներ:
Պաշտպանը պահանջում է բոլոր համայնքների ղեկավարներից և ընդհանրապես բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ և պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետևել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին:
Միևնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտներին պահպանել հանդուրժողականության ու փոխհարգանքի մթնոլորտը, զերծ մնալ անձանց արժանապատվությունը վիրավորող և ատելության խոսք պարունակող ցանկացած գործողություններից ու հրապարակային խոսքից: Մարդու իրավունքների մշակույթը կախված է մեզնից յուրաքանչյուրի պատասխանատու վարքից»: