Search
Close this search box.

ԱԳՆ-ն կոչը արտերկրի ՀՀ քաղաքացիներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում մշտական կապի մեջ լինել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում մշտական կապ պահպանել արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծերին, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով, որոնց մեծ մասը հասանելի է նաև հավելվածների միջոցով»,- ասաց Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը նշեց, որ այն երկրներում, որտեղ չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, ՀՀ քաղաքացիները կարող են կապ պահպանել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հետ՝ 055620111 թեժ գծի հեռախոսահամարով:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Please enter a valid URL