այաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: «Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.)», – նշված է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ն նշում է, որ վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:
Հայաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը դիտավորյալ վտանգելուն: «Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար», – նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հայկական պետությունների սահմաններին զսպման միջազգային մեխանիզմների տեղակայման առաջարկն արել էին ամերիկացի կոնգրեսականները 2015 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ որոշումը չընդունվեց, եւ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կրկին պնդեցին մեխանիզմների տեղակայումը: Հայկական կողմն սկզբունքորեն ընդունել էր առաջարկը, բայց չէր պնդել՝ հնարավոր է, ստանալով որոշակի երաշխիքներ Ռուսաստանից:
Հիմա, ըստ երեւույթին, ռուսական երաշխիքները չեն գործում, եւ Ադրբեջանին Թուրքիան է ցուցումներ տալիս, որն ակնհայտորեն փորձում է սրել իրավիճակը նախիջեւանյան ուղղությամբ: Թուրքիան չի թաքցնում Նախիջեւանի նկատմամբ իր հավակնությունները, ընդհուպ մինչեւ այն, որ Իրանում կորոնավիրուսի պատճառով փակում է Նախիջեւանի հետ սահմանը՝ անգամ չզգուշացնելով Բաքվին: Թուրքիան, էսկալացիա սադրելով սահմանին, հավանաբար հույս ունի, որ Հայաստանը կդիմի Ռուսաստանին կամ էլ ՀԱՊԿ-ին, եւ Անկարան այդ աղմուկի տակ կբռնակցի Նախիջեւանը:
Այս պլանները կարված են սպիտակ թելերով, եւ Հայաստանը տեսնում է դրանք: Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, եւ այդ մասին Երեւան կատարած այցի ժամանակ ափսոսանքով ասում է բելառուս գլխավոր քարտուղար Զասը:
Երեւանն, ըստ երեւույթին, այլ ճանապարհ է ընտրել, եւ ԱԳՆ հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը պնդելու է, որ միջազգային մեխանիզմներ ներդրվեն:
Երեկ, ի դեպ, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում «նոր նախաձեռնությունները»:
Այսօր Ադրբեջանը հայտարարել է Նախիջեւանում զորավարժությունների մասին:
lragir.am