Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ: Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Ֆեյսբուքի էջում։
«Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.)»:
ԱԳՆ-ն խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
«Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:
Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»: