Search
Close this search box.

27-ամյա երիտասարդը խանդի հողի վրա խոշտանգել էր կնոջը և առանձին դաժանությամբ սպանել էր վերջինիս տատիկին

Արամ Խ.-ն 2004 թվականին իր գործընկերուհի Մարիի (անունը փոխված է) հետ փաստական ամուսնական հարաբերություններ էր սկսել: Մարին ուշադրություն չէր դարձրել այն հանգամանքի վրա, որ մեկ տարի առաջ էր Արամն ազատվել զինվորական հանցագործության համար պատժի կրումից:

Համատեղ կյանքի առաջին երկու տարիները կարող էին երջանիկ համարել: Ծնվել էր նրանց որդին: Բայց երջանկությունը ոչ թե ավելացել, այլ պակասել էր, քանի որ Արամը սկսել էր խանդել Մարիին ու նրա նկատմամբ պարբերաբար բռնություն էր գործադրում:

Մարիի կարծիքով՝ Արամը պարզապես չէր սիրում աշխատել, իսկ ընտանեկան գումարները վատնում էր մեծ արագությամբ ու զայրանում էր, երբ նրան նկատողություն էին անում:

Մարիի մոր կարծիքով՝ Արամն իր դստեր հետ միայն շահադիտական դրդումներով էր հարաբերություններ սկսել, Մարիին երբեք էլ չէր սիրել:

Արամը կնոջ նկատմամբ ավելի ու ավելի հաճախ էր բռնանում:

2006 թվականի հոկտեմբերին Մարին ստիպված երեխային վերցրել ու հեռացել էր Նոր Նորք՝ մոր տուն:

Շատ շուտով Մարին մտերմացել էր մեկ այլ տղամարդու, այն էլ՝ Արամի ընկերներից մեկի հետ: Իսկ խանդոտ Արամն իր տեսադաշտից բաց չէր թողնում Մարիին, մանավանդ, որ երեխային տեսակցելու պատրվակով կարողնում էր մուտքուելք ունենալ նրա մոր տուն:

2006 թվականի նոյեմբերի 20-ին Արամն այցելել էր երեխային ու կնոջը: Հանդիպման սկիզբը խաղաղ էր, մինչև այն պահը, երբ տան աղբամանն աչքի անցակցրած Արամը հայտնաբերել էր օղու շշեր, ծխախոտի մնացուկներ ու… պահպանակներ: Նա անմիջապես բացատրություն էր պահանջել Մարիից: Վերջինս էլ չէր ժխտել, որ մտերմացել է Արամի ընկերոջ հետ:

Արամը կորցրել էր ինքնատիրապետումը: Մարին պնդում էր, թե իրենք բաժանվել են, յուրաքանչյուրն ազատ է ընտրության հարցում, իսկ Արամը ավելի ու ավելի էր բորբոքվում: Շուտով նա ազատություն էր տվել բռունցքներին՝ խփել էր Մարիի գլխին, դեմքին, կոտրել էր քթոսկրը: Ապա ձեռքն էր առել խոհանոցային դանակը, երկու հարված հասցրել Մարիի կրծքավանդակին՝ նրա առողջությանը պատճառելով միջին աստիճանի վնաս:

Արամը վիրավոր կնոջը սպառնացել էր, թե կմորթի, եթե նա շարունակի դավաճանել իրեն, նրա կյանքում ուրիշ տղամարդ լինել չի կարող: Բացի այդ՝ Արամը սպառնացել էր հաշվեհարդար տեսնել, եթե Մարին դիմի ոստիկանություն:

Մարին, զգալով, որ Արամը տվյալ պահին ամեն ինչի ընդունակ է, խոստացել էր վերադառնալ նրա մոտ, ընտանեկան կյանքը վերականգնել ու հավատարիմ լինել:

Արամը հեռացել էր:

Միայն երկու օր անց էր Մարին համարձակվել դիմել իրավապահներին: Արամն արգելանքի տակ չէր առնվել: Քննություն էր սկսվել:

Որպեսզի խուսափի Արամի հետ նորից առճակատվելուց, Մարին երեխայի հետ թաքնվել էր տատիկի տանը՝ Ռոստովյան փողոցի շենքերից մեկում: Բայց նրա գտնվելու վայրը շուտով հայտնի էր դարձել Արամին:

Մարիին դանակահարելուց 9 օր անց՝ նոյեմբերի 29-ին, Արամը զանգել էր Մարիին ու պայմանավորվել, որ հանդիպեն ու հանգիստ խոսեն: Մարին չէր կարողացել մերժել:

Թոռնուհու՝ իր տուն տեղափոխվելուց հետո տատիկը անընդհատ վախի մեջ էր, հարևանուհիներին մի քանի անգամ ասել էր, թե թոռնուհու կատաղի ամուսնուց սարսափելի վախենում է, մանավանդ որ՝ բնակարան էր վաճառել ու մոտը դեռ որոշակի գումար կար. «Արամն ինձ կսպանի էդ փողի համար, նրանից սպասելի է, ես շատ եմ վախենում»,- ասել էր տատիկը: Թոռնուհուն տատիկը վստահում էր, Մարին լավ գիտեր, որ տատիկի մոտ բնակարանի վաճառքից մնացած գումար կա:

Նոյեմբերի 29-ին՝ Մարիի տատիկի տուն գնալուց առաջ, Արամը մի երկու բաժակ խմել էր քաջության համար:

Այցելության սկզբում նա Մարիի հետ երկար էր զրուցել, ի վերջո նորից ստացել էր Մարիի համաձայնությունը, որ ընտանիքը վերականգնեն, ամեն ինչ սկսեն նորից: Արամը խոստանում էր, թե կմոռանա դավաճանության մասին, իսկ Մարին խոստանում էր այլևս չդավաճանել:

Նրանց զրույցն այնքան խաղաղ էր, որ ուշ ժամի պատճառով տատիկն ինքն էր առաջարկել Արամին՝ գիշերել իր տանը: Վերջինս անմիջապես համաձայնել էր:

Քանի որ ալկոհոլ օգտագործած վիճակում էր, կնոջ հետ հաշտությունն էլ համարում էր կայացած՝ Արամը տեղնուտեղը տատիկի մեկ սենյականոց բնակարանում, տատիկի ներկայությամբ սեռական հարաբերություն էր ունեցել Մարիի հետ:

Տատիկը խորապես վիրավորվել էր ու, մոռանալով քիչ առաջվա առաջարկը, պահանջել էր, որ Արամը հեռանա իր տանից:

Բայց Արամը հրաժարվել էր՝ ասելով, թե իր ընտանիքի կողքին է, ոչ մի տեղ չի գնալու:

Տատիկն այնքան զայրացած էր, որ հայտարարել էր, թե ինքը կհեռանա: Դուրս էր եկել միջանցք: Արամը փակել էր նրա ճամփան, դուռը փակել էր բանալիով:

Տատիկն ավելի էր ըմբոստացել. նա Մարիի տատիկն էր, ճիշտ է, բայց զառամյալ տարիքում չէր, ամրակազմ, հաղթանդամ և ինքնավստահ կին էր: Միայն թե Արամի կատաղի բնավորության պայմաններում տատիկի ինքնավստահությունն ու համառությունը ավելի շուտ՝ բացասական դեր էին խաղացել: Տատիկի միակ մղումը բնակարանից դուրս գալն էր, նա միգուցե Արամի վարքից արդեն հասկանում էր, որ Արամի հետ մի հարկի տակ մնալը ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում:

Երբ տատիկը շատ էր համառել, թե դուրս է գալու տանից, Արամը գործել էր իր նախընտրած եղանակով՝ ձեռքն էր առել խոհանոցային դանակը: Նա հարվածել էր տատիկի ուսին ու պարանոցին: Հետագայում այս հարվածներից առաջացած վնասվածքները բնորոշվելու էին որպես «թեթև վնասվածքներ»: Առճակատումը կարող էր այսքանով ավարտվել, բայց Արամը դեռ տեղյակ չէր, որ տատիկի մոտ գումար կա…

Դանակի երկու հարվածներից հետո բոլորի կրքերը փոքր-ինչ հանդարտվել էին: Արամը տատիկին նստեցրել էր խոհանոցում, վերքերը Մարիի հետ կապել էին սրբիչով:

Ի նշան հաշտության՝ Արամն ու տատիկը նույնիսկ մի-մի թաս խմել էին իրար հետ: Վախից, ցավից ու խմածից շփոթված՝ տատիկը պառկել էր քնելու: Իսկ Արամը Մարիի հետ փակվել էր զուգարանում՝ «ընտանեկան զրույցը» շարունակելու:

Նա խոսակցությունն այնպես էր տանում, որ անընդհատ մանրամասներ էր հարցնում դավաճանության մասին՝ ի՞նչ էր եղել, ինչպե՞ս: Մարին էլ, կրակի վրա յուղ լցնելով, սկսել էր մեկ առ մեկ պատմել՝ ինչպես է դավաճանել… Եվ Արամը նորից կորցրել էր ինքնատիրապետումը: Դանակով այս անգամ հարձակվել էր Մարիի վրա:

Աղմուկից արթնացել էին տատիկն ու երեխան: Տատիկը վազել էր Մարիին օգնելու: Արամի աչքերի առաջը սևացել էր՝ նա դանակով խփում էր աջուձախ՝ և՛ Մարիին, և՛ տատիկին: Հետո նորից Մարիին քարշ էր տվել զուգարան:

Արամի մոլուցքին լավ ծանոթ լինելով՝ Մարին, ինքնապահպանության բնազդով, Արամի ուշադրությունը շեղել էր իրենից, հայտնել էր, թե տատիկի մոտ մեծ գումար կա, որով իրենք կարող էին նոր կյանք սկսել… Միայն այսքանն էր ասել՝ չէր առաջարկել տատիկին սպանել, ոչ էլ՝ գումարը հափշտակել: Ուղղակի՝ տեղեկացրել էր: Մնացածը որոշել էր Արամը:

Նա դանակը ձեռքին դուրս էր թռել զուգարանից ու հարձակվել էր տատիկի վրա: Պահանջել էր գումարը: Տատիկը չէր կատարել այդ պահանջը, փորձել էր օգնություն կանչել:

Եվ Արամը դանակի շուրջ 40 հարված էր հասցրել տատիկին, մեկ-երկու հարված էլ Մարիին էր բաժին հասել: Դանակի շեղբը չէր դիմացել: Արամը մեկ ուրիշ դանակ էր վերցրել, որը բութ էր, ավելի շատ տանջահարում էր արնաթաթախ, բայց դեռ ողջ տատիկին:

Տեսնելով, որ դանակներով սպանել չի կարողանում, Արամը տատիկի դեմքին էր սեղմել բարձը, Մարիից էլ պահանջել էր օգնել…

Երբ տատիկն անշարժացել էր, Արամի պահանջով Մարին հանել էր տատիկի թաքցրած գումարը՝ 3300 դոլար, ու հանձնել էր Արամին:

Միայն դրանից հետո Արամը, վերցնելով Մարիին ու ամբողջ ժամանակ նույն սենյակում գտված երեխային, փակել էր արնաթաթախ բնակարանի դուռն ու հեռացել:

Հարևանները լսել էին գիշերային աղմուկը, բայց հաջորդ օրվա անդորրը նրանց կարծես հանգստացրել էր, այդ օրը ոչ ոք տատիկի տան դուռը չէր թակել: Միայն դեկտեմբերի 1-ին էր հայտնաբերվել տատիկի խոշտանգված մարմինը արյունոտ բնակարանում…

Արամի ընտանիքը մի քանի օր թափառել էր տարբեր բնակավայրերով: Մարին հետագայում ասել էր, թե Արամն անընդհատ սպառնում էր իրեն դանակով, ինքը նրա կողքին էր եղել վախից կարկամած…

Թափառումների ընթացքում նրանք ծախսում էին տատիկից հափշտակված գումարը, հագուստ, ուտելիք ու խմելիք էին գնում, ապրում էին հյուրանոցներում:

Հետագայում Արամն ասել էր, թե Մարին ցանկացած պահի կարող էր հեռանալ հյուրանոցից, ի վերջո՝ եղել էին պահեր, երբ ինքը քնել էր: Բայց Մարին մնում էր Արամի հետ: Նրանց թափառումները տևել էին 9 օր:

2006 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում էին, օգտվելով նրանից, որ Արամը հարբած-քնած էր, Մարին վերջապես փախել, վերադարձել էր Երևան ու դիմել էր ոստիկանություն: Նա հայտնել էր Արամի գտնվելու վայրը: Արամին հենց Ծաղկաձորում էլ բռնել էին:

Դատարանում Արամն իր արարքները փորձում էր ներկայացնել որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված գործողություններ: Բայց գործի քննությամբ դա ոչ մի բանով չէր հաստատվել:

Շահադիտական դրդումներով և առանձին դաժանությամբ սպանության, ինչպես նաև պարբերաբար կնոջ նկատմամբ բռնություն և խոշտանգում գործադրելու համար Արամ Խ.-ն դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Please enter a valid URL