Մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներին փոխանցել է, որ այժմ նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։
Իհարկե, որևէ կերպ կասկածի տակ չենք դնում տարածված տեղեկատվության իսկությունը, ավելին՝ սկզբունքորեն այն կարծիքին ենք, որ ցանկացած կալանավոր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, պատշաճ բուժօգնության կարիք ունեն։
Խնդիրն այն է, որ այս տեղեկատվությունը հրապարակայնացվեց
Քոչարյանի հետ կապված մեկ այլ քարոզչական կամպանիային զուգահեռ, ինչը կարող է շատերին մոտ կարծիք ստեղծել, թե «եփվում» է կոնկրետ գործընթաց։
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հրապարակման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։
Ըստ հրապարակման՝ Կրեմլի նման արձագանքի պատճառը քրեական գործն է՝ հարուցված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, և այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն անգամ չեն ցանկանում նրա խափանման միջոց կալանքը փոխել։ Լրատվամիջոցի պատրաստած հոդվածի համաձայն, և դա՝ այն դեպքում, երբ ՌԴ նախագահը բազմիցս ուղղակի և անուղղակի ձևով ցույց է տվել իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։
Օրերս ռուսական իշխանամետ «Կոմերսանտ» թերթում հեղինակավոր ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը՝ «Ոչ ոք մոռացված չէ և ոչինչ փակված չէ» վերտառությամբ հոդված էր հեղինակել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակը կարող է վերաճել երկկողմ հարաբերությունների ամենաակտուալ խնդիրներից մեկին:
Հոդվածագիրը նկարագրել էր Քոչարյանի գործի մի շարք ուշագրավ դրվագներ, նշել, որ տարբեր առիթներով ՌԴ նախագահը ՀՀ ներկայիս իշխանություններին դիրքորոշում էր ցույց տվել այդ գործի վերաբերյալ: Սոլովյովը նշել էր նաև այն հանգամանքի մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամիսներ առաջ ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հետ:
Երկու այս հոդվածները՝ երևանյան և մոսկովյան, ակնհայտորեն փոխկապակցված են ու կեղծ քարոզչական հիմքերով փորձում են հանրային կարծիք ձևավորել, թե իբրև Ռոբերտ Քոչարյանի գործոնը խցանում է հայ-ռուսական հարաբերությունները։
Ակնհայտորեն նման իրավիճակ չկա․ եթե հետհեղափոխական առաջին ամիսներին պաշտոնական Մոսկվայի հռետորաբանության մեջ նման բան նկատելի էր, ապա այն շատ արագ «խմբագրվեց»։ Ամիսներ առաջ նույնիսկ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բարձրաձայնեց, որ Քոչարյանի գործոնը չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
Իհարկե, հրապարակային քաղաքականությունից անդին գոյություն ունեն երկկողմ հարաբերությունների կուլիսային դրվագներ, սակայն նույնիսկ այդ պարագայում պետք չէ գերագնահատել Քոչարյանի գործոնը։ Երկրորդ նախագահի սուբեկտության մասին նույնիսկ անտեղի է խոսել, այլ խնդիր է, որ հայ-ռուսական հարաբերություններում երկու կողմերն էլ պարբերաբար կարող են օգտագործել նրա գործոնը՝ որոշակի մարտավարական նպատակներով։
Սա՝ ի դեպ, իսկ ինչ վերաբերում է պաշտոնական այցի հետաձգմանը, ապա ռուսաստանյան փարձագիտական ավելի իրազեկ շրջանակները պնդում են, որ այն բացառապես տեխնիկական պատճառներով է պայմանավորված։
Եթե Քոչարյանը վատառողջ է, ապա պետք է պատշաճ բուժօգնություն ստանա, սակայն ոմանք պետք է հրաժարվեն այն գայթակղությունից, որ նրա առղջական վիճակն օգտագործեն՝ խափանման միջոցի փոփոխության հարցը «հիմնավորելու» կամ հայ-ռուսական օրակարգ տեղափոխելու համար։
1in.am