ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորել է կանանց ու աղջիկներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ ու հիշեցրել, որ գարնանային արձակուրդները չեն երկարաձգվի և մարտի 9-ից ուսումնական բոլոր հաստատություններում դասերը կվերսկսեն բնականոն հունով:
«Առողջապահության նախարարության հետ միասին հետևել ենք ընդհանուր համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ դիմելիության, շտապօգնության կանչերի, սուր-շնչառական վարակներով հիվանդանոցային բաժանմունքներ դիմելիության թիվը նվազում է և որևէ պատճառ չկա դասերը չվերսկսելու համար:
Կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի հետ կապված հիմնական պատճառներից մեկը լարվածությունն էր, որն այժմ չկա: Փառք Աստծո, նոր դեպքեր չեն գրանցվել: Համաճարակային վիճակը վերահսկվում է: Այնպես որ, ամեն ինչ հանգիստ է: Այսպիսով՝ վաղը ուսումնական բոլոր հաստատություններում՝ մանկապարտեզներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում դասերը կվերսկսեն»,- ասաց նախարարը: