Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ ավարտվել է Վլադիմիր Խ.-ի գործի դատական քննությունը:
Դեպքի պահին Վլադիմիրը 25 տարեկան էր, զբաղվում էր շինարարական աշխատանքներով: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Վլադիմիր Խ.-ի խափանման միջոցը կալանավորումն էր:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 14-ի սահմաններում Սանահին թաղամասում ապրող Վլադիմիրը գնացել է իր մտերիմ ու հարևան Ռոմանի տուն, միասին իջել են շենքի մոտ գտնվող այգի, ալկոհոլ են օգտագործել, ապա հյուր են գնացել իրենց ընկեր Նարեկին, որտեղ նույնպես ալկոհոլ են օգտագործել:
Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում Ռոմանն ու Վլադիմիրը վերջինիս առաջարկով տաքսիով գնացել են Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամաս՝ Վլադիմիրի կնոջ հորաքրոջ որդի Կամոյի հետ հանդիպման, ապա նրա հետ գնացել են շենքի առաջին հարկում որպես խաղասրահ ծառայող սենյակ, որտեղ դարձյալ խմել են:
Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ռոմանի կողմից Կամոյին կոպիտ տոնով դիմելու հետ կապված՝ վիճաբանություն է առաջացել Վլադիմիրի ու Ռոմանի միջև:
Ըստ մեղադրանքի՝ այդ ժամանակ Վլադիմիրը բռունցքով հարվածել է Ռոմանի դեմքին: Դրանից հետո դուրս են եկել բակ, վիճաբանությունը շարունակվել է:
Որոշ ժամանակ անց՝ արդեն գիշերվա ժամը 2-ի սահմաններում, վիճաբանությունը վերսկսվել է:
Ռոմանը, ըստ մեղադրանքի, հայհոյել է Կամոյի հասցեին, ինչից հետո, ըստ մեղադրանքի՝ Վլադիմիրը Ռոմանին կյանքից զրկելու դիտավորությամբ քննությամբ չպարզված բութ առարկայով մեկ շեշտակի, ուժգին հարված է հասցրել Ռոմանի գլխի ծոծրակային շրջանին: Դրան, ըստ մեղադրանքի, հետևել են ևս 14 հարվածներ Ռոմանի մարմնի տարբեր մասերին:
Նրան պատճառվել է գանգուղեղային բաց, բութ տրավմա, գլխի ծոծրակային շրջանի սալջարդ վերք, գանգաթաղի ոսկրերի, ծոծրակոսկրի բեկորային, ներհրված, գագաթոսկրերի ու ճակատոսկրերի կոտրվածքներ, կարծրենու, նրբենու, ներուղեղային տարածուն արյունազեղումներ և այլ վնասվածքներ: Ռոման Պ.-ի առողջությանը հասցվել է ծանր վնաս, ստացած վնասվածքներից տուժողը մահացել է:
Դատարանում Վլադիմիր Խ.-ն հայտնել է, թե դեպքի օրը հանդիպել է իր ընկեր Վաղոյին, նրանց տանը սուրճ են խմել, միասին գնացել են իրենց թաղամաս: Ինքը զանգել է իր հարևան Ռոմանին, նա ասել է, թե տանն է, իրեն ու Վաղոյին կանչել է սուրճ խմելու: Իրենք գնացել են, Ռոմանի կինը սուրճ է հյուրասիրել, հետո ինքն ասել է, թե բարձրանում է իրենց տուն՝ մեկ հարկ վերև: Ինքն ու Վաղոն դուրս են եկել, Ռոմանը եկել է իրենց հետևից, ասել է, թե հանգուցյալ հոր ծննդյան օրն է, ուզում է մի քիչ ցրվի, առաջարկել է իջնել իրենց այգի, մի-մի բաժակ բան խմեն, զրուցեն: Գնացել են այգի: Իրար «ջան ասելով» խոսել են, հետո Վաղոն գնացել է:
Դրանից հետո զանգել է իր ընկեր Նարեկը, ասել է, թե Հայաստան է եկել, ուզում է հանդիպել: Ինքը Ռոմանին ասել է, թե գնում է Նարեկենց տուն, Ռոմանն ասել է, թե Նարեկն իրենց բարեկամն է, ինքն էլ է ուզում նրանց տուն գալ: Տաքսի է կանչել, գնացել են Ակներ գյուղ: Նարեկենց տանը նստել, զրուցել են: Իրեն զանգել է Կամո Ս.-ն, առաջարկել է հանդիպել: Ինքն ասել է, թե մենակ չի, Ռոմանի հետ է:
Որոշ ժամանակ անց Ռոմանի հետ գնացել են Ջրավազան թաղամաս՝ Կամոյենց շենքի մոտ: Կամոն դրսում կանգնած էր: Նա, Ռոմանին նկատի ունենալով, իրեն ասել է. «Վլե ջան, մենակ չես, ես էլ էս տղուն չեմ ճանաչում, չեմ կարող տուն կանչել, բայց տղերքը շենքի տակ նստած են, գնանք նրանց հետ նստենք»: Կամոն տուն է գնացել, օղի վերցրած եկել է: Շենքի առաջին հարկում նստել, խմել են, հավաքված տղաները գնացել են: Այդ ժամանակ Ռոմանը Կամոյին ասել է. «Կոմսը քե՞զ են ասում, Կոմսը դո՞ւ ես»: Կամոն էլ ասել է՝ ինչի՞ ես նման հարց տալիս, հա, ես եմ Կոմսը: Ինքն ասել է. «Ի՞նչ կապ ունի՝ ով ով է, մարդիկ ենք, եկել ենք, իրար ջան-ջիգյար ենք ասում»:
Որոշ ժամանակ հետո Ռոմանը հեռախոսով խոսել ու իրեն ասել է, թե տուն պիտի գնա: Ինքն առաջարկել է, որ սպասի, իրար հետ տաքսիով գնան, բայց նա ասել է, թե հետևից մարդ է եկել, դուրս է եկել ու գնացել է:
Ինքը զանգել է իր հորը, ասել է, թե տաքսի կկանչի ու տուն կգնա: Տաքսին եկել է: Կամոն տուն է գնացել, ինքը նստել է տաքսի, տաքսու վարորդ Լևոնն ասել է՝ «Վլե, ընկած մարդ կա էնտեղ»: Նրա մեքենայի մի լույսը չէր աշխատում: Ինքը հարցրել է՝ ո՞վ ա, որտե՞ղ ա: Լևոնն ասել է՝ ներքևում է, ոնց որ Ռոմանն է, իջի, կտեսնես: Նա չի ցանկացել իր հետ իջնել, ասել է՝ վախենում է: Ինքը գնացել, տեսել է երեսի վրա ընկած մարդ կա, շոկի մեջ է ընկել, խառնվել, ընկել է, ձեռքը ճանկռվել է: Կանչել է Կամոյին, բայց նա վախեցել է մոտենալ, իրենց էլ ասել է՝ թողեք, գնացեք: Նա գնացել է տուն: Տաքսու վարորդը չի ցանկացել խնդիրներ ունենալ, ինքը խնդրել է իրեն բենզալցակայան տանել, որ մարդկանց ասի, շտապ օգնություն կանչեն: Իր եղբայրն էլ է եկել բենզակայան… Իրենք գնացել են հիվանդանոց, հետո՝ ոստիկանություն: Այնտեղ իմացել են, որ ընկածը իրոք Ռոմանն է եղել: Ինքն ասել է՝ Ռոմանն ամբողջ օրն իր հետ էր… Իրենց մինչև առավոտյան ժամը 7-8-ը պահել են ոստիկանությունում: Իրենք ցանկացել են գնալ Ռոմանենց տուն՝ նրա հարազատներին ցավակցելու, բայց քննիչը եկել է: Մինչև ցերեկվա ժամը 2-3-ը պահել են, դրանից հետո իրենց քեռու հետ գնացել են Թումանյան, բայց ոստիկանությունից զանգել, իրենց նորից կանչել են: Իրենց ոտքով ներկայացել են, իրեն բերման չեն ենթարկել: Իրեն բաժնում ասել են՝ ջահել տղա ես, ինչի՞ ես կործանվում, Կամոյի վրա գրի ու դուրս գնա: Բայց ինքն ասել է՝ ո՞նց կարող է մարդու վրա գրել, եթե ոչինչ չգիտի: Իրեն «պրովոկացիա են արել»՝ ասել են՝ եթե չգրի, կնոջն են բաժին բերելու, ինքը միևնույնն է՝ չի համաձայնել: Իրենից իր հեռախոսը վերցրել են առանց ընթերակաների ներկայության, բայց արձանագրել են, իբր, ընթերականեր են եղել… Չի կարող ասել՝ Կամոն ինչու է իր դեմ ցուցմունք տվել…
Վլադիմիր Խ.-ն պնդել է, թե ինքը Ռոմանի հետ չի վիճել, նրան չի հարվածել, Ռոմանը դուրս է եկել, որ տուն գնա… Թե ով է նրան սպանել՝ չի կարող ասել…
Տուժողի իրավահաջորդը՝ Ռոմանի մայրը, հայտնել է, թե դեպքի օրը ամբաստանյալն ընկերոջ հետ իրենց տուն էր եկել, սուրճ են խմել… Ռոմանը այգու բանալիներն է ուզել… Նա տանից օղի էր վերցրել, բայց այդ օղին այգում մնացել էր սեղանին դրված: Ինքը աշխատանքի է եղել, չի պատկերացրել, որ անհանգստանալու բան կարող է լինել: Երբ տուն է գնացել, անընդհատ լուսամուտից դուրս է նայել, Ռոմանին է սպասել: Գիշերը լսել է, որ Վլադիմիրի եղբայրը տանից արագ իջել, նստել է մեքենա ու արագ գնացել դեպի քաղաք: Նրանց տանից անընդհատ ձայներ էին լսվում, ինքը նույնիսկ մտածել է՝ երևի հիվանդ ունեն: Անընդհատ զանգել է Ռոմանին, նա անհասանելի է եղել: Հետո իրենց բակից մի ուրիշ մեքենա է հեռացել, ինքը սկսել է անհանգստանալ: Բարձրացել է Վլադիմիրենց տուն, դուռը թակել է, հարցրել է՝ ուր է Վլեն, ուր է նրա եղբայրը: Ասել են՝ չգիտեն, բայց ինքը լացելով, գոռալով նրանց տանից դուրս է եկել, գոռացել է, որ իր տղան չկա, տունը քանդվել է, հետո ամբողջ հարևանությունն է եկել իրենց տուն…
Տուժողի իրավահաջորդը պնդել է, թե իր կարծիքով՝ Վլադիմիրը մենակ չի եղել, մի քանի հոգով են եղել, իր տղայի դեմքը ջարդված էր… Իր տղան ոչ մեկի հետ լարված հարաբերությունների մեջ չէր, նա հաճախ չէր խմում, առիթից առիթ էր խմում, խմած ժամանակ էլ ագրեսիվ չէր, հանգիստ էր, բայց եթե հետը կռվեին, կպատասխաներ…
Նախաքննական ցուցմունքում և առերես հարցաքննության ժամանակ Կամո Ս.-ն հայտնել է, որ Վլադիմիրը ուշ ժամին թակել է իրենց դուռը, նրա ձեռքերն արյունոտ էին, նա խառնված էր, իրեն ասել է, թե Ռոմանին խփել է, նա իր կարծիքով մահացած է, խնդրել է օգնել, նայել՝ իրո՞ք՝ Ռոմանը մահացած է: Ինքը գնացել է նրա հետ, մայթի վրա տեսել է դիակ, վախեցել է… Վլադիմիրն ասել է՝ քո խաթեր եմ տվել-սպանել… Ինքը վախեցել, ասել է՝ սկոռի կանչեք, ու փախել է տուն…
Ըստ բժշկական տեղեկանքի՝ Վլադիմիր Խ.-ն 2009 թվականից հաշվառման մեջ է եղել հոգենյարդաբանական կաբինետում որոշակի խանգարում ունենալու ախտորոշումով:
Դատարանն այս գործով մեծ թվով վկաների է հարցաքննել, հրապարակվել ու հետազոտվել են նախաքննական ցուցմունքներ, առերես հարցաքննությունների արձանագրություններ, փաստաթղթեր:
Դատարանը եզրահանգել է, որ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված է Վլադիմիր Խ.-ին առաջադրված մեղադրանքը, նրա կատարած արարքը ճիշտ է որակված:
Վլադիմիր Խ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 9 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2016 թվականի դեկտեմբերի 28-ից: