Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանձնակի դաժանությամբ սպանություն. «Տաք արդուկով այրել են մարմինը, ջուր եռացրել , լցրել վրան․․․»

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդգար Կարապետյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Գ.-ի գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Գ.-ն ու իր հանցակիցները 2008 թվականի հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը մուտք էին գործել Աշտարակի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկը, որտեղ բռնություն գործադրելով, ձեռքերը, ոտքերը և պարանոցը կապկպելով առանձին դաժանությամբ սպանել էին տվյալ հասցեում բնակվող, 1940 թ. ծնված Լուսիկ Հ.-ին, քանդել, պատառոտել էին անկողինները, խառնել և վնասել էին բնակարանի 2 հարկերում գտնվող սենյակների գույքն ու հեռացել էին:

Այս գործով 2009 թվականի փետրվարի 15-ին հետախուզում էր հայտարարվել 1975 թվականին ծնված Արսեն Գ.-ի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Այս գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով Գարիկ Դ.-ի, Գոռ Բ.-ի, Սոնյա Մ.-ի, մեկ ամիս ավելի ուշ՝ Արամ Մ.-ի նկատմամբ կայացվել էր մեղադրական դատավճիռ:

Արսեն Գ.-ի մասով քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ նրա թաքնվելու հիմքով:

Դեպքից շուրջ 10 տարի անց՝ 2018 թվականի հունվարի 23-ին, Արսեն Գ.-ն հայտնաբերվել էր Հայաստանում, տեղափոխվել էր ՔԿՀ, նրա մասով քրեական գործի վարույթը վերսկսվել էր:

Արսեն Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 238 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 329 հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով Աշտարակի Գ. Նժդեհի փողոցի տներից մեկի բնակչուհի Լուսիկ Հ.-ին պատկանող բնակարան ապօրինի մուտք գործելու, խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու միջոցով գույքի հափշտակություն կատարելու համար նախնական հանցավոր համաձայնության էր եկել Գոռ Բ.-ի, Գարիկ Դ.-ի, Արամ Մ.-ի և Սոնյա Մ.-ի հետ: 2008 թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 23-24-ի սահմաններում Երևանից Գոռ Բ.-ի, Գարիկ Դ.-ի և Արամ Մ.-ի հետ, վերջինիս վարած ՎԱԶ-21101 մակնիշի ավտոմեքենայով մեկնել էին Աշտարակ: Պայմանավորվածության համաձայն՝ տանից դուրս էին կանչել Սոնյա Մ.-ին, առաջարկել էին մատնացույց անել Լուսիկ Հ.-ի տունը:

Արսեն Գ.ն, Գոռը և Գարիկը իրենց հետ վերցնելով նախապես ձեռք բերված ձեռնոցները, գլխարկներն ու կպչուն թաղանթները՝ իջել էին մեքենայից, անցել էին Լուսիկ Հ.-ի տան պարսպի վրայով, ապօրինի մուտք էին գործել բակ, որտեղ Գարիկ Դ.-ն մնացել էր տան բակում` հսկել էր տարածքը, իսկ Արսենն ու Գոռը բարձրացել էին տան երկրորդ հարկ, խաբեությամբ տանտիրուհուն բացել էին տվել մուտքի դուռը, ապա հրելով տուժողին` ապօրինի մուտք էին գործել բնակարան, որտեղ Լուսիկ Հ.-ին գցել էին հատակին, կպչուն ժապավեններով կապկպել էին ձեռքերն ու ոտքերը, որից հետո սենյակում գումար և ոսկեղեն էին փնտրել՝ տակնուվրա անելով ամբողջ գույքը:

Այդ ընթացքում նրանց էր միացել Գարիկ Դ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ նրանք առանձին դաժանությամբ խոշտանգման էին ենթարկել Լուսիկ Հ.-ին, պահանջել էին, որ ներկայացնի տանը եղած ոսկեղենն ու գումարը: Տուժողը մերժել էր: Բնակարան ներխուժածները միացրել էին արդուկը, դրել տանտիրուհու մարմնի տարբեր մասերին և այրել էին: Բնակարանում հայտնաբերել էին տանտիրուհու հանգուցյալ ամուսնու կողմից ապօրինաբար ձեռք բերված և պահված, հրազեն հանդիսացող, հետախույզի HPC տեսակի, 7,62 մմ տրամաչափի հատուկ նշանակության մարտական փամփուշտներ կրակող դանակը և այդ դանակով դիտավորությամբ ծակած-կտրած վնասվածքներ էին հասցրել Լուսիկ Հ.-ի ոտքերին, կոտրված աթոռների փայտի կտորներով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա գլխին, կրծքավանդակին, կոտրել էին կողոսկրերը, վնասել գլուխը: Արսեն Գ.-ն, ըստ մեղադրանքի, Գոռ Բ.-ի ու Գարիկ Դ.-ի հետ առանձին դաժանությամբ խոշտանգել էին Լուսիկ Հ.-ին, պատճառել այրվածքային, ծակած-կտրած վերքեր՝ համակցված գանգուղեղային, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների և կողերի, կրծոսկրի բազմաթիվ կոտրվածքների հետ: Վնասվածքներից առաջացած տրավմատիկ շոկի հետևանքով վրա էր հասել տուժող կնոջ մահը:

Այնուհետև Արսեն Գ.-ն ու հանցընկերները հափշտակել էին զգալի չափի՝ շուրջ 140 հազար դրամ ընդհանուր արժողության ոսկե և արծաթե երկու մատանիները, 40 հազար դրամ գումարը, ինչպես նաև արդեն հիշատակված հետախույզի դանակը և հեռացել էին: Հափշտակվածը բաժանել էին իրար մեջ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Արսեն Գ.-ն թաքնվելով քննությունից՝ մեկնել էր Հայաստանից և գտնվելով Ռուսաստանում, կորցրել էր ՀՀ քաղաքացու անձնագիրը:

ՀՀ վերադառնալու նպատակով Արսեն Գ.-ն Ռուսաստանի Դաշնությունում այլ անձնագիր էր ձեռք բերել՝ ուրիշ անձնական տվյալներով, և 2016 թվականի՝ քննությամբ չպարզված օրը, առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության հատել էր ՀՀ պետական սահմանը և մուտք էր գործել ՀՀ տարածք:

Այնուամենայնիվ, նա Հայաստանում հայտնաբերվել էր երկու տարի անց՝ 2018 թվականի հունվարին, բերման էր ենթարկվել ու արգելանքի տակ առնվել:

Գործը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ էր ընդունվել 2018 թվականի հուլիսին: Ստացվել էր այնպես, որ գործը վարույթ ընդունած առաջին դատավորն ինքնաբացարկ էր հայտնել, այնուհետև գործը երկու անգամ մակագրվել էր մարզի ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավորների, որոնք չէին հասցրել գործը քննել, քանի որ ավարտվել էր գործուղման ժամկետը: Ձեռքից ձեռք անցնելով՝ գործն ի վերջո 2019 թվականի հոկտեմբերին ընդունվել էր դատավոր Էդգար Կարապետյանի վարույթ: Ամբողջ ընթացքում Արսեն Գ.-ի խափանման միջոցը շարունակել էր մնալ կալանավորումը:

2020 թվականի հունվարի 29-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկություն էր ստացվել, որ 2020 թվականի հունվարի 18-ին Արսեն Գ.-ն մահացել է:

Դատարանում Արսեն Գ.-ի շահերի պաշտպանը միջնորդել է իր հանգուցյալ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ մահվան հիմքով: Պաշտպանը հայտնել է, որ Արսեն Գ.-ի ծնողները և եղբայրը մահացել են, իսկ նրա կինը առարկություն չի ներկայացրել Արսեն Գ.-ի մասով քրեական գործի վարույթը ո՛չ արդարացման հիմքով կարճելու հետ կապված:

Դատարանը քրեական գործի վարույթը կարճել, Արսեն Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ նրա մահվան հիմքով:

 

 

Please enter a valid URL