Search
Close this search box.

Գողականներով տարված 20-ամյա երիտասարդը գիշերը մտել է ոստիկանության Արմավիրի բաժին ու դանակահարել հերթապահ ոստիկանին

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սևակ Պետրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 1997 թվականին ծնված 20-ամյա Սևակ Պետրոսյանը «տարված է եղել հանցավոր աշխարհի մասին գաղափարներով, հետաքրքրվել է «գողականների» կյանքով, դիտել է նրանց կյանքի ու գործերի մասին ֆիլմեր… Այդ գաղափարներով տարված Սևակը հատկապես բացասական վերաբերմունք է ունեցել ոստիկանների նկատմամբ, հաճախ, հատկապես ալկոհոլի ազդեցության տակ եղած ժամանակ, ցանկություն է հայտնել վնասել նրանց՝ անկախ նրանց ճանաչելու կամ ով լինելու հանգամանքից…»:

Ըստ մեղադրանքի՝ Սևակի համադասարանցի և ընկեր Թոռնիկ Պ.-ն ծառայել է բանակում և 2017 թվականի հունիսի 5-ին 8 օրով արձակուրդ է ստացել, վերադարձել է տուն: Հունիսի 8-ին, ժամը 19-ին ընկերները, այդ թվում՝ Սևակը, հավաքվել են Թոռնիկենց տանը խնջույքի, ալկոհոլ են օգտագործել: Հունիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում խնջույքն ավարտվել է, երիտասարդները, նաև՝ Սևակը, գնացել են իրենց տները:

Գիշերվա ժամը 5-ին Սևակը զանգել է ծանոթ տաքսիստի՝ Հովհաննեսին, խնդրել է իրեն քաղաքի մեջ ինչ-որ տեղ տանել: Հովհաննեսը մեքենայի վրա գործ էր անում, Սևակին կանչել է իրենց շենքի մոտ: Սևակը Հովհաննեսի մեքենայով նորից վերադարձել է Թոռնիկենց տուն: Ճանապարհին նա զանգել է Թոռնիկին, ասել է, թե հարևան գյուղում մեկը կա, ինքը նրա հետ պիտի խոսի, խնդրել է իր հետ գնալ այդ հանդիպմանը: Թոռնիկը համաձայնել է: Նա նստել է տաքսի, շարժվել են դեպի Արմավիր քաղաքի «7,7-ի կռուգ»՝ Հանրապետության ու Մյասնիկյան փողոցների խաչմերուկ: Մեքենայի մեջ Սևակը գարեջուր է խմել ու խոսել է «գողական տղա

դառնալու» իր մտադրության մասին, ասել է, թե ոստիկան պիտի խփի, որ գնա-նստի, նա իրեն ագրեսիվ է պահել: Թոռնիկն ու Հովհաննեսը, ովքեր Սևակի նման խոսակցություններն էլի էին լսել, լուրջ չեն ընդունել նրա ասածները, բայց խորհուրդ են տվել նման բան չանել՝ «անիմաստ տեղը պիտի դատապարտվի, երկար ժամանակով ազատությունից զրկվի»:

Վերը հիշատակված խաչմերուկում Հովհաննեսը Սևակի պահանջով թեքվել է դեպի Մյասնիկյան փողոց, որը տանում էր դեպի Արմավիրի ոստիկանության բաժին: Սևակն ու Թոռնիկը մեքենայից իջել են, քայլել են դեպի «ՎՏԲ-Հայաստան» բանկի դիմացի հատվածը: Սևակը նորից է պնդել, թե ուզում է գնալ ոստիկանության բաժին ու որևէ ոստիկանի վնասել: Նա գոտկատեղից հանել, ցույց է տվել սպիտակ-կապույտ-կարմիր պլաստմասսայից բռնակով խոհանոցային դանակը: Թոռնիկը փորձել է դանակը վերցնել նրա ձեռքից, համոզել, որ հետ կանգնի իր մտադրությունից, բայց չի կարողացել, հետ է գնացել ու նստել է Հովհաննեսի մեքենան: Վերջինս հետադարձ է կատարել ու հեռացել է այդտեղից: Թոռնիկը տեսել է, որ Սևակը գնում է դեպի ոստիկանության Արմավիրի բաժին:

Ժամը 6-ն անց 10-ին Սևակ Պետրոսյանը թակել է ոստիկանության մուտքի դուռը: Հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը փորձել է ճշտել, թե ով է դուռը թակում: Սևակը ձևացրել է, թե իրեն լավ չի զգում, խնդրել է դուռը բացել ու օգնել: Ոստիկանը բացել է դուռը, որ օգնի քաղաքացուն, բայց Սևակ Պետրոսյանը, ըստ մեղադրանքի՝ կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է նրա որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով, լյարդի միջանցիկ վնասումով: Այնուհետև «ոստիկանին սպանելու մտադրությամբ», ըստ մեղադրանքի, Սևակ Պետրոսյանը դանակը բարձրացրել ու ցանկացել է կտրել տուժողի պարանոցը, բայց հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ բաժնի մուտքի մոտ ծառայություն իրականացնող Վահրամ Մանուկյանը վրա է հասել, զենքի խզակոթով հարվածել է Սևակին՝ խափանել է նրա գործողությունները, որից հետո Վահրամ Մանուկյանն ու Ռաֆիկ Գոլովորյանը բռնել են Սևակ Պետրոսյանին:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Սևակ Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու ցուցմունք չի տվել:

Դատաքննության ընթացքում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, միայն այն բանի համար, որ դանակով հարվածել է տուժողին, բայց պնդել է, թե նրան սպանելու դիտավորություն չի ունեցել: Նշել է, թե դեպքի օրն ինքը խմած էր, ցանկացել է վնասել ոստիկանության աշխատակցի: «Իր ցանկությունը կատարել է, ուզել է խփել ու խփել է…»:

Սևակ Պետրոսյանը նշել է, թե դանակն իր հետ վերցրել էր «ապահովության համար»: Դատարանում Սևակ Պետրոսյանը ներողություն է խնդրել տուժողից, զղջացել է, խնդրել է ներել իրեն, քանի որ ինքը սպանելու նպատակ չի ունեցել…

Տուժողը հայտնել է, թե դեպքի պահին ինքը հերթապահ է եղել, բաժնի մուտքի դուռը ծեծել են: Ինքը դիտանցքից նայել ու տեսել է մի շիկահեր երիտասարդի, որին չի ճանաչել: Նա կծկված էր, օգնություն էր խնդրում: Ինքը մտածել է, թե երիտասարդին իրոք օգնություն է անհրաժեշտ, բացել է մուտքի դուռը, բայց անծանոթ երիտասարդը նույն պահին հենց մուտքի դռան մոտ դանակով հարվածել է իր աջ կողին: Ինքը հարվածից հետո է երիտասարդի ձեռքին դանակ տեսել: Դրանից հետո ծառայակիցը՝ Վահրամ Մանուկյանը, ով իրենցից ընդամենը մի քանի մետրի վրա էր, արագ վրա է հասել, իրենք երկուսով վնասազերծել են երիտասարդին՝ նրա ձեռքից խլելով դանակը: Իր վրա հարձակված երիտասարդին ինքը չէր ճանաչում, նրա հետ թշնամություն չուներ, իր համար անհասկանալի էր՝ ինչու նա իրեն խփեց դանակով: Երբ նրան վնասազերծում էին, նա գոռում էր, որ իրեն ձեռք չտան, ինքը «գողական տղա է»: Նրա վրայից ալկոհոլի սուր հոտ էր գալիս…

Տուժողը բողոքել է ամբաստանյալի դեմ, պահանջել է, որ նա պատժվի օրենքի ողջ խստությամբ: Տուժողը ամբաստանյալից պահանջել է 1 միլիոն դրամ՝ որպես իր բուժման ծախսերի ու բաց թողած եկամտի հատուցում:

Դատարանը Սևակ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել խուլիգանական դրդումներով կատարած սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, և դատապարտել է ազատազրկման՝ 12 տարի ժամանակով:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 9-ից:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL