Search
Close this search box.

«Մի քանի հոգով թափել էին վրես». Վերին Արտաշատի մսի վաճառակետի մոտ 27-ամյա երիտասարդը սպանել է համադասարանցուն

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ա. Ազարյան, Մ. Արղամանյան, Ա. Մնացականյան կազմով, շարունակվեց Ցոլակ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Ցոլակ Սիմոնյանը 27 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 34-104 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 19-ն անց 45-ի սահմաններում Ցոլակ Սիմոնյանը Վ. Արտաշատ գյուղի մսի վաճառակետի դիմաց մեքենան կայանելու հարցով վիճաբանել է նույն գյուղի բնակիչ Գրիգոր Ի.-ի հետ: Միջամտել են համագյուղացիներ Մհեր Բ.-ն ու Արման Հ.-ն: Վերջինս Գրիգորի ազգականն է: Վիճաբանությունն այդ պահին չի շարունակվել:

Ցոլակը պահանջել է, որ Գրիգորը գնա իր հետևից, ու իր «ՎԱԶ- 2121» մեքենայով ընթացել է Արտաշատ քաղաքի ուղղությամբ: Գրիգորը Մհերի հետ իր վարած «Միցուբիշի» մեքենայով գնացել է նրա հետևից, Արման Հ.-ն էլ իր «ՎԱԶ-2106»-ով հետևել է նրանց:

Հասնելով Բերդիկ գյուղի հատվածը՝ Ցոլակ Սիմոնյանը, ըստ մեղադրանքի, մեքենան կայանել է ճանապարհի աջ եզրին, իջել է մեքենայից: Դաշտամիջյան ճանապարհի սկզբնամասում նա շարունակել է վիճել այնտեղ հասած Գրիգորի հետ: Վիճաբանության ընթացքում Ցոլակը, ըստ մեղադրանքի, Գրիգորին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մեքենայի սրահի պահախցից նախապես վերցրած ծալովի դանակով հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին ու որովայնի ձախակողմյան հատվածին, պատճառել է կրծքավանդակի՝ մեկ, որովայնի երկու կտրած-ծակած, թափանցող, ձախ ուսագոտու շրջանի մեկ կտրած-ծակած, չթափանցող վնասվածքներ՝ կրծքային մկանի, կողաճառի, սրտապարկի, ձախ փորոքի առաջնային պատի միջանցիկ վնասումներով: Գրիգոր Ի.-ն հիվանդանոց տեղափոխվելուց րոպեներ անց մահացել է:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, նույն միջադեպի ժամանակ  Ցոլակը   դանակով Գրիգորին հարվածներ  հասցնելուց հետո նկատել է դեպքի վայր հասած Արման Հ.-ին: Ցոլակն իր մոտ եղած դանակով, ըստ մեղադրանքի՝ սպանելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նաև Արման Հ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին, բայց, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ դիտավորությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արմանի հագի հաստ վերարկուն թուլացրել է հարվածի ուժը, նա կրծքավանդակի ձախ հատվածում ստացել է ծակած-կտրած, չթափանցող վնասվածք: Արմանին նոր հարվածներ հասցնել, ըստ մեղադրանքի, Ցոլակը չի հասցրել, որովհետև դեպքի վայրում գտնվող Մհեր Բ.-ն մեջքի կողմից ամուր բռնել է Ցոլակին ու թույլ չի տվել նոր հարվածներ հասցնել:

Արմանը Գրիգորին նստեցրել է մեքենա, տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց, իսկ Ցոլակ Սիմոնյանն իր մեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի: Որոշ ժամանակ անց բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Ցոլակ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հայտնել է, թե Գրիգոր Ի.-ն եղել է իր համադասարանցին, իսկ Արման Հ.-ն իր համագյուղացին է, նրանց հետ ինքը եղել է նորմալ հարաբերությունների մեջ:

2017 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում ինքը գնացել է միս գնելու: Հասնելով մսի վաճառակետի մոտ՝ փորձել է մեքենան կայանել: Այնտեղ կանգնած էր իր համադասարանցի Գրիգորը և խոսում էր հեռախոսով: Քանի որ մեքենան կայանելու միակ տեղը մայթին Գրիգորի կանգնած տեղն էր, ինքը մեքենայի լույսերը թարթելով՝ նրան հասկացրել է, որ մի կողմ գնա: Գրիգորն ի պատասխան իրեն ձեռքով է արել: Դրանից հետո ինքը մոտ մեկ րոպե սպասել, տեսել է, որ իր պատճառով խցանում է առաջանում, մեքենայի ապակին իջեցրել ու Գրիգորին ասել է, որ մի կողմ գնա: Գրիգորը գնացել է, ինքը մեքենան կայանել ու իջել է: Գրիգորը վրդովված մոտեցել է իրեն ու վիճել է՝ ասելով. «Չես տեսնո՞ւմ՝ խոսում եմ, մեքենադ ուրիշ տեղ կանգնեցնեիր»: Այս ասելով՝ նա հարվածել է իր կրծքին, ինքն էլ նմանատիպ հարված է  հասցրել նրան:

Իրենց բաժանել են: Ինքը նստել է մեքենան ու լսել է, որ Գրիգորը հայհոյանք հնչեցրեց: Ինքը նմանատիպ պատասխան է տվել ու ասել է, թե հետո կխոսեն: Մեքենան վարել է Արտաշատի ուղղությամբ:

Արտաշատ մեկնելու նպատակը եղել է միս գնելը: Ինքը զանգել է մսի վաճառակետի մոտ ապրող իր ծանոթին, ասել է՝ սուրճ եփի, մինչև հինգ րոպեից կգամ:

Վերին Արտաշատի գազալցակայանի մոտ հասնելու ժամանակ ինքը նկատել է, որ իր հետևից եկող մեքենան լույսերով ազդանշան է տալիս: Մտածել է՝ ճամփա է ուզում, դանդաղեցրել է ընթացքը: Երբ մեքենան մոտեցել է, ինքը տեսել է, որ նրա մեջ Գրիգորն ու Մհերն են: Գրիգորն իրեն ձեռքով է արել՝ հասկացնելով, որ կանգնի: Բայց ինքը չի կանգնել, դեռ մոտ մեկ կիլոմետր էլ առաջ է ընթացել: Երբ նրանք հասել են իր մեքենային, ինքը կանգնեցրել է մեքենան, քանի որ ճանապարհը ցեխոտ ու քարքարոտ էր, իր ձեռքն էլ ավելի վաղ վնասված էր, իր համար դժվար էր մեքենան վարելը:

Գրիգորը մեքենայով կանգնել է իր մեքենայի դիմաց: Մհերն իջել է, իրեն ասել է՝ իջի: Ինքը մեքենայի պահախցիկից դանակ է վերցրել, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանվի, չծեծվի: Իջել է մեքենայից:  Մհերի հետ մի քիչ քայլել է դաշտամիջյան ճամփով, տեսել է՝ Գրիգորն իջնում է մեքենայից: Նա հանել է վերարկուն, ասել է. «Թաղելու եմ քեզ»: Արագ մոտեցել է, ինքը հետ-հետ է գնացել, գրպանից հանել է դանակն ու վախեցնելու համար գոռացել է. «Մեկդ մոտեցավ, խփելու եմ»: Ինքը մենակ էր, իր ձախ ձեռքը վնասված էր, եթե նրանք երկուսով հարձակվեին , ինքը չէր կարողանա պաշտպանվել:

Այդ պահին կանգնել է Արմանի մեքենան, վերջինս իջել է մեքենայից, վազելով մոտեցել է: Գրիգորն ու Մհերը հարձակվել են իր վրա: Ինքը փորձել է պաշտպանվել. գլուխը կախած՝ դանակը տարել-բերել է: Դա տևել է մոտ 30 վայրկյան: Հետո եկել են Արտակն ու Հակոբը: Արտակը Գրիգորին ու Մհերին է տարել մի կողմ, իսկ Հակոբը՝ իրեն: Այդ ժամանակ ինքը լսել է Հակոբի ասածը՝ «Ոնց՝ ծակելա՞»: Բայց Գրիգորը ոտքի վրա էր, ինքը չի մտածել, որ նրան լուրջ վնասվածք է հասցրել: Ինքը նստել է մեքենա, շարժվել է դեպի Վ. Արտաշատ: Կանգնել է գյուղամեջի խանութի մոտ, ծխախոտ ու երեք շիշ գարեջուր է գնել, դրել է մեքենայի մեջ: Զանգել է Հակոբին ու Գրիգորից է հարցրել, Հակոբն ասել է, թե Արմանի հետ հիվանդանոց են գնացել:  Հետո ինքը զանգել է Գրիգորի փեսային, ասել է, որ դանակը թափահարելու ժամանակ պատահական դիպել է Գրիգորին, կարող ա՞ բողոքեն: Նա ասել է՝ չեն բողոքի: Բայց որոշ ժամանակ անց իրեն զանգել ու ասել են, որ Գրիգորը մահացել է:

Ինքը շատ վատ վիճակի մեջ է ընկել, քանի որ չէր ցանկացել Գրիգորին լուրջ վնասվածք պատճառել: Գարեջրի շշերից մեկը բացել ու խմել է: Իրեն զանգել է հայրը, հարցրել է՝ որտե՞ղ է, ոստիկաններն արդեն իրենց տանն էին: Ինքն ասել է՝ հեսա կգամ: Ոստիկանության աշխատողը հեռախոսը վերցրել, ասել է՝ նույն տեղում սպասի, մենք կգանք: Ոստիկաններն իր հոր հետ եկել են, ինքն արդեն երկու շիշ գարեջուրը խմել էր, երրորդն էր խմում: Իրեն տարել են ոստիկանության բաժին…

Նախաքննական ցուցմունքում Ցոլակ Սիմոնյանը հայտնել է, որ մսի վաճառքի կետի մոտ միջադեպը տևել է մոտ մեկ րոպե: Գրիգորն իր հետևից հայհոյել է: Ինքը որոշել է հեռանալ Արտաշատ քաղաք, որ վիճաբանությունը չշարունակվի, հետո հանդիպեն, խոսեն: Բերդիկ գյուղի մոտ նկատել է, որ իր մեքենայի հետևից մի մեքենա լույսերով ազդանշան է տալիս, որ կանգնի: Կանգնել է ճամփեզրին: Գրիգորի մեքենան մոտեցել է: Եվս երեք մեքենա է մոտեցել… Ինքն ու Գրիգորը քաշքշել են իրար, ինքը մեքենայից վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է Գրիգորին, նա էլ ձեռքերով հարվածներ է հասցրել իր մեջքին, ինքը վնասվածք չի ստացել: Ինքը ջղայնացած էր նրա հայհոյանքից: Ինքը դանակով Գրիգորին հարվածել է մի քանի անգամ՝ արագ-արագ, իրար հետևից, Գրիգորը գոռացել է, որ  հիվանդանոց տանեն: Ինքը չի զգացել՝ իրենց  ուրիշ մեկը մոտեցե՞լ է, թե՞ ոչ: Գրիգորին բաց է թողել ու վազել է  մեքենայի կողմը, նստել է մեքենա ու վարել է դեպի Երևան: Իրեն զանգել է հայրը, ասել է, որ ոստիկաններն իրենց տանն են: Ինքը հետ է դարձել, ճանապարհին ոստիկանները եկել ու իրեն տարել են բաժին:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Ցոլակ Սիմոնյանն ասել է, թե ինքը պաշտպանվել է, գլուխը կախ է թափահարել դանակը, քանի որ մեքենաների լույսերն աչքերին էին ընկնում…

Տուժող Արման Հ.-ն հայտնել է, որ մեքենայով գյուղի մսի վաճառակետի մոտով անցնելիս նկատել  է, որ Գրիգորն ու Ցոլակը իրար քաշքշում են: Ինքը մեքենան կայանել ու մոտեցել է: Մինչև իր  մոտենալը տղաներին բաժանել էին: Ինքը լսել է, որ Ցոլակը Գրիգորի ասել է՝ մեքենա նստի, քշի հետևիցս: Նա Գրիգորի հասցեին հայհոյանքներ է տվել, իրեն շատ ագրեսիվ էր պահում, հետո մեքենան քշել, գնացել է: Գրիգորն էլ մեքենան նստել ու գնացել է նրա հետևից: Գրիգորը չի հայհոյել, միայն ասել է՝ քշի, գալիս եմ: Ինքը նույնպես մեքենա է նստել ու գնացել է Գրիգորի հետևից: Բերդիկ գյուղի մոտ տեսել է կանգնած մեքենաները, տեսել է, որ Գրիգորն ու Ցոլակը քաշքշում են իրար: Մհերն ու երկու համագյուղացիներ փորձում էին նրանց բաժանել: Ինքը արագ մոտեցել է, նույնպես սկսել է բաժանել: Ցոլակը նկատել է իրեն ու ասել է՝ գնա մի կողմ, հեսա քեզ էլ եմ խփելու: Այդ պահին ինքը կրծքավանդակի ձախ մասում հարված է  զգացել, բայց ուշադրություն չի դարձրել՝ մտածել է՝ ձեռքով հարվածեց: Շարունակել է բաժանել, նկատել է, որ Գրիգորը բռնել է կուրծքը, որն արյունոտ էր: Ինքը օգնել է նրան՝ նստեցրել է մեքենա, որ տանի հիվանդանոց: Այդ ժամանակ Մհերը բռնել էր Ցոլակին, իսկ վերջինս  գոռում էր՝ թողեք, պտի խփեմ դրան, սպանելու եմ… Այդ ժամանակ ինքը շրջվել ու Ցոլակի աջ ձեռքին դանակի շեղբ է նկատել, բայց ուշադրություն չի դարձրել, Գրիգորին տեղափոխել է հիվանդանոց: Այնտեղ է զգացել, որ ինքն էլ է դանակի հարվածից վնասվածք ստացել, բայց հագի վերարկուն հաստ էր, դանակը խոր չի մտել…

Դատարանը հաստատված է գնահատել Ցոլակ Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL