Հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, որի արդյունքում, այդ օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով՝ հասնելով մինչև 24 աստիճանի:
ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես, գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ հավաքված աղբն ու չոր խոտը չայրել առանց հսկողության: Կանոնների խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի՝ «Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
Արգելվում է նաև կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում» (հոդված 21):