«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փետրվարի 5-ին տեղի ունեցած թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի դեպքով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հաշվի առնելով, որ ավտովթարի հետեւանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթեւ կամ թեթեւի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետեւանքներ չեն առաջացրել։
Սակայն պարզվել է նաեւ, որ թիվ 99 միկրոավտոբուսի վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին է լրացել եւ օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։ Վարորդը նաեւ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ ստացվում է, որ իրավապահ համակարգը՝ ի դեմս դատախազության, աչք է փակում այդ հանգամանքի վրա:
Գոռ Աբրահամյանի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը տեղյակ եղել է, որ երթուղու վարորդը երթեւեկում է առանց վկայականի:
«Եթե հիշում եք, մենք վթարի օրը հայտարարեցինք, որ վարորդը դիսպետչերական կետ չի մոտեցել, այնուհանդերձ, դեկտեմբերից ի վեր նրա վարորդական իրավունքի ժամկետը սպառված է եղել, որը դիսպետչերը չի նկատել: Տրանսպորտի վարչությունը վերահսկողությունն իրականացնում է դիսպետչերական կետերի միջոցով:
Դիսպետչերական կետում, փաստորեն, խախտումը հայտնաբերվել է աշխատակցի կողմից, եւ ամենախիստ պատժի կենթարկվի այդ խախտումը կատարած անձը»,- նշեց նա:
Նկատենք, որ Տրանսպորտի վարչությունն էլ ենթարկվում է քաղաքապետին։ Ստացվում է, որ Հայկ Մարությանն իրավիճակին չի տիրապետում, եւ փաստացի վարորդական վկայական չունեցող մարդը, մի բան էլ հարբած, երթուղի է դուրս եկել եւ քաղաքացիների տեղափոխել։ Ու հիմա պարզվում է՝ այս իրավիճակի համար որեւէ մեկը չի պատժվի, այլ միայն վարորդը՝ տուգանքի տեսքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում