Քաղաքականության և բիզնեսի տարանջատման խնդիրը ծագել է Հին Հունաստանում, երբ քաղաքական ընտրովի պաշտոնում վիճակահանությամբ ընտրվածը պարտավոր էր ժողովրդին ծառայելու գործից բացի, չզբաղվել ոչ մի այլ գործով։ Հին Հունաստանից այս կողմ քաղաքականությունն ու բիզնեսը իրար չեն խանգարել։ Իսկ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո, երբ սեփականության իրավունքը սրբազան դարձավ, երբ յուրաքանչյուր ոք գործարարությամբ զբաղվելու իրավունք ստացավ, բիզնեսն ու քաղաքականությունն ընդհանրապես չեն բախվել։ Իսկ այսօր, երբ աշխարհի մեծ մասը ժողովրդավար է, և նման տարանջատում չկա, ինչո՞ւ ենք մեր երկրում սահմանափակում կիրառում, ի՞նչ արտաքին, ներքին վտանգներից ենք վախենում։
Ասում են, թե բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքն էությամբ սոցիալիստական է։ Իբր կա վախ, թե ազատ տնտեսության կողմնակիցները միայն գործարարներն են, որոնք կարող են խոչընդոտել սոցիալիստական բարեփոխումները։ Հարկ է նկատել, որ ազատ տնտեսության կողմնակիցներն աջերն են, իսկ ՀՀ խորհրդարանում այսօր միայն նրանք են։ Ուստի՝ նշված սկզբունքը ռեալ կյանքում այս պահին տեղ ունենալ չի կարող։
Նշված սկզբունքի կողմ է նաև այն կասկածը, իբր բիզնեսմեն-պատգամավորին հնարավոր է վախեցնել նրա բիզնես շահերին սպառնալով, ստիպել կողմ կամ դեմ արտահայտվելու այս կամ այն քաղաքական նախաձեռնությանը։ Սա նույնպես անառողջ կասկած է, քանի որ հնարավոր է ճնշել այն քաղաքական գործչին, որը քաղաքական սկզբունք, հավատամք, կող չունի, ոչ թե նրան, ով բիզնես ունի կամ չունի։ Սա է պատճառը, որ իշխանությունը փորձել (փորձում) է քաղաքական ասպարեզից հեռացնել այն փող ունեցողներին, որոնք չեն սպասարկել իրենց քաղաքական շահերը։
Բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու սկզբունքի տակ դրված է շահերի ենթադրյալ բախումը։ Նման բախումը հնարավոր է, երբ չկան բիզնեսի և քաղաքականության վարման բարոյական սահմաններ։ Երբ բիզնեսը նույնացվում է անբարոյական ճանապարհով փող աշխատելու հետ։ Կամ երբ քաղաքականությունը վարվում է առանց հիմնարար արժեքների, առանց ազգային իդեալի, առաջնորդվելով ապազգային հետաքրքրությամբ, պատեհապաշտությամբ։ Իսկ երբ բիզնեսի և քաղաքականության բարոյական սահմանները գծված են, նրանք չեն կարող բախվել։ Նույնպես և չեն կարող բախվել, երբ երկուսն էլ թաղված են անբարոյականության մեջ։
Այնպես որ՝ խնդիրը ոչ թե բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է, այլ քաղաքականության և բիզնեսի բարոյական ընկալումների սահմանները։ Գործարարը, ձեռներեցը պետք է ընկալվեն որպես բարիք ստեղծող, պիտի գիտակցեն այդ առաքելությունը և համախմբվեն դրա շուրջ։ Իսկ քաղաքականության դռները պետք է փակվեն ոչ թե գործարարի առաջ, այլ անբարոյականի, պատեհապապաշտի, սովածի (սոցիալական կատեգորիկ առումով), ցինիկի, ապասկզբունքայինի, ապազգայինի և օտարերկրյա գործակալի առաջ։
Թաթուլ Մկրտչյան