ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը չընդունվեց և հեղինակի առաջարկությամբ ուղարկվեց գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ:
Պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը քվեարկության դրվեց ԱԺ մարտի 4-ի նիստում:
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:
Քվեարկությունից առաջ համահեղինակ Արտակ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին, որից հետո ինքը պետք է առաջարկեր, որ նախագիծը գնար առաջին ընթերցման ռեժիմ և փոփոխություն արվեր:
Պատգամավորները, հետևելով գործընկերոջ հորդորին, չընդունեցին նախագիծը, և Մանուկյանի առաջարկությամբ ԱԺ նախագահը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրինագիծը գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ ուղարկելու հարցը քվեարկության դրեց: Որոշումը ստացավ հավանություն, կողմ քվեարկեց 99 պատգամավոր ,ձեռնպահ՝1-ը: Այսպիսով` նախագիծն ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ: