Փետրվարի 28-ին Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի բնակչուհի 35-ամյա Լուսինե Ասատրյանը տանը ծննդաբերել է մահացած արական սեռի երեխայի:
Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կնոջ երկրորդ մահացած պտուղը իրենք են հիվանդանոցում հեռացրել:
«Երեկ երեկոյան ժամը 20:00-ին Շտապօգնության մեքենայով 35-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նա պատմել է, որ մի պտուղը ծննդաբերել է տանը ու կոնկրետ չի հիշում երկու, թե երեք օրվա ընթացքում, երկրորդ պտուղը իրենից դուրս չի եկել: Երբ մենք զննեցինք, պարզեցինք, որ երկրորդ պտուղն արգանդի խոռոչում է, մահացած է եւ պտուղը դուրս է բերվել, մոտ մեկ լիտր մակարդուկ, վիճակը կայունացվել է ու տեղափոխվել է Նոր Նորքի հիվանդանոց, որպեսզի գտնվի հսկողության տակ»,- ասաց նա:
Բժիշկն ասաց, որ կինը անձնագիր չի ունեցել, որեւէ տեղ հաշվառված չի եղել հղիության ընթացքում, հոգեբանական անկայուն վիճակի մեջ է գտնվել, ծննդաբերության ժամանակ տանը մենակ է գտնվել: Բժշկի խոսքով` կինն ասել է, որ իր մայրը հոգեբուժարանում է գտնվում:
«Նա մեզ որեւէ հստակ տեղեկատվություն չէր տալիս, ամեն ինչ կցկտուր էր, ասում էր, որ իր առաջին հղիությունն է: Նույնիսկ հստակ չէր` երբ է առաջին պտուղը ծննդաբերել, որովհետեւ երկրորդ պտուղն արդեն նեխած վիճակում էր, արգանդի խոռոչը նեխած էր»,- նշեց նա: