Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թվականի ընթացքում իր աշխատավարձից զատ՝ ստացել է 4 միլիոն 762 հազար 211 դրամ պարգևավճար։ Միայն դեկտեմբեր ամսվա նրա պարգևավճարը կազմել է 1 միլիոն 375 հազար 712 դրամ։ Իսկ բացի աշխատավարձից ու պարգևավճարներից՝ Թովմասյանը նաև գրեթե ամեն ամիս հավելավճարներ է ստացել, որը տարեկան կտրվածքով կազմում է 161 624 դրամ։ Այս տեղեկությունը, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցման, տրամադրել են Սահմանադրական դատարանից։
Նույն տեղեկատվության համաձայն՝ հավելավճարներ ու պարգևավճարներ ստացել են ՍԴ մյուս անդամները և երկու դատավոր՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը, որը անցած տարվա ընթացքում պարգևավճար է ստացել 4 անգամ։
Եվ այսպես. Ֆելիքս Թոխյանը անցած տարվա ընթացքում ստացել է 4 միլիոն 856 հազար 547 դրամ հավելավճար և գրեթե նույնքան էլ՝ 4 միլիոն 462 հազար 608 դրամ, պարգևավճար։
Հրանտ Նազարյանը 2019-ին, աշխատավարձից զատ, ստացել է 5 միլիոն 768 հազար 083 դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։
Աշոտ Խաչատրյանը անցած տարվա ընթացքում ստացել է 1 414 193 հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։
Ալվինա Գյուլումյանը, աշխատավարձից զատ, մեկ տարվա մեջ ստացել է 2 միլիոն 641 հազար 656 դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։
Արման Դիլանյանը ստացել է 903 հազար 067 դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։
Արայիկ Թունյանը ստացել է 685 735 հազար հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։
Արևիկ Պետրոսյանը՝ 1 միլիոն 442 հազար 232 դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։
Վահե Գրիգորյանը, ով ՍԴ-ում որպես դատավոր աշխատանքի է անցել 2019 թվականի հունիսի 19-ից, մինչև տարեվերջ ստացել է 1 միլիոն 746 հազար 096 դրամ պարգևավճար։ Նա որևէ հավելավճար անցած տարվա ընթացքում չի ստացել։ Ի դեպ, ի տարբերություն ՍԴ մյուս անդամների ու ՍԴ դատավոր Արման Դիլանյանի, ովքեր բոլորը պարտադիր անցած տարվա դեկտեմբեր ամսին ստացել են 1 միլիոն 031 հազար 784 դրամ պարգևավճար, Վահե Գրիգորյանի համար նման պարգևավճար սահմանված չի եղել։
«Առաջին լրատվական»-ը ՍԴ աշխատակազմին խնդրել էր տեղեկացնել, թե 2019 թ.-ի ընթացքում ամիս առ ամիս ավտոմեքենաների սպասարկման համար որքան վառելիք է տրամադրվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և դատական կազմի մյուս անդամներին:
Բացի դրանից, թե քանի ավտոտրանսպորտային միջոց է սպասարկում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքին։
Ի պատասխան այս հարցման էլ՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացրել են, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին սպասարկում է AUDI Q7 001 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենան, որի համար անցած տարի տրամադրվել է 1620 լիտր բենզին։
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանին սպասարկում է 004 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենան, որին անցած տարվա ընթացքում տրամադրվել է 2880 լիտր բենզին։
Հրանտ Նազարյանին սպասարկում է 005 OS 01 պետհամարանիշներով մեքենան, որին էլ տրամադրվել է կրկին 2880 լիտր բենզին։
Աշոտ Խաչատրյանին սպասարկել է 008 OS 01 պետհամարանիշներով մեքենան, որին տրամադրվել է 2880 լիտր բենզին։
Ալվինա Գյուլումյանին սպասարկող 007 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենայի համար տրամադրվել է 2890 լիտր բենզին։
Արման Դիլանյանին սպասարկում է 002OS01 պետհամարանիշներով ավտոմեքենան, որին էլ տրամադրվել է կրկին 2880 լիտր վառելիք։
Արայիկ Թունյանին սպասարկող 003 OS 01 պետհամարանիշներով մեքենային տրամադրվել է նույնքան՝ 2880 լիտր բենզին։
Արևիկ Պետրոսյանին սպասարկող 009 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենային տրամադրվել է 2880 լիտր բենզին։
Վահե Գրիգորյանին սպասարկող 006 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենային էլ տրամադրվել է 960 լիտր վառելիք։
Ամսական կտրվածքով ՍԴ անդամներին ու դատավորներին տրամադրվել է հիմնականում 240 լիտր վառելիք՝ բացառությամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, որին հիմնականում ամսվա կտրվածքով տրամադրվել է 100 լիտր վառելիք։
Ի դեպ, մենք ՍԴ աշխատակազմից խնդրել էինք նաև տեղեկացնել, թե արդյոք ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների ելումուտը և աշխատանքի հաճախումները արձանագրվո՞ւմ են որևէ համակարգի միջոցով: Ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ելումուտը Սահմանադրական դատարանի շենք և աշխատանքի հաճախումները որևէ համակարգի միջոցով չեն արձանագրվում։