Երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 14 խումբը «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Սամվել Զ.-ն է, ով մարմնական վնասվածքը ստացել է «Արաբկիրի հումանիտար քոլեջ»-ում: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում նշված քոլեջի մոտ անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռաֆայել Մ.-ն, 18-ամյա Արմեն Մ.-ն, և ևս մեկ հոգի վիճաբանել են Սամվել Զ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը սուր կտրող –ծակող առարկայով հարվածել է վերջինիս աջ կրծքավանդակին: Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռաֆայել Մ.-ն ներկայացել է ոստիկանություն:
Արաբկիրի ոստիկանները Նաիրի Զարյան փողոցի 3-րդ շենքի բակում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն Մ-ին և երրորդ անձի իքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: