Search
Close this search box.

Հուշարձանի ոչնչացում․ Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի գործը կհասնի՞ դատարան

Ոստիկանությունը բացահայտել է, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային նշանակության շենքը ապօրինաբար վաճառվել է օֆշորային ընկերության։ Բանն այն է, որ մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկը՝ ԱՕԿՍ-ի շենքը, դեռևս, 2001-ին սեփականաշնորհել են, այն ժամանակ, ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանն ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Շենքի նկուղային տարածքն էլ պատկանում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին։

Ըստ տեղեկությունների, ԱՕԿՍ-ի շենքի նկուղային հարկի 270 քառակուսի մետր մակերեսով տարածքը 2011-ից պատկանել է Հասմիկ Պողոսյանի որդուն՝ Վաղարշակ Հակոբյանին, որը 2017-ին իր ունեցած բաժնեմասերի 50 տոկոսը օտարել է փոխնախարար Գրիշա Թամրազյանին։

Ավելի վաղ, պարզվել էր, որ 2001 թ-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո այդ հասարակական կազմակերպության խորհրդի ղեկավարը, միաժամանակ հանդիսանալով Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձը, հողատարածքը մասնավորեցնելու և օտարելու նպատակով գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան, որտեղից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնց հիման վրա հողամասերը ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։

Այնուհետև, 2007, 2011, 2012, թվականներին տարբեր ապօրինի գործարքների միջոցով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Հետաքրքիր է՝ այս գործը կհասնի՞ դատարան և ի՞նչ բացատրություններ կտան վերոնշյալ նախկին պաշտոնյաները։ Արդյոք շենքը կվերադարձվի համայնքի, թե՞ կարժանանա շատ ու շատ այլ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ճակատագրերին։

Please enter a valid URL