Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված նաև նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում։

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները:

Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

—պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
—խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
—եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
—եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
—մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
—հագնվե´ք եղանակին համահունչ,
—պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
—օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
—հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
—հետևե´ք անձնական հիգիենային։

Please enter a valid URL