ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խորհրդական Օլյա Ազատյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի ընկերներ և հարգելի գործընկերներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում այսօր իմ վերջին աշխատանքային օրն է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն: Որպես խորհրդական իմ աշխատանքային տարածքը և ազդեցությունը շատ սահմանափակ էր, իսկ ավելին անելու հնարավորություն չտրվեց: Որոշումը կայացրել եմ անցյալ տարվա նոյեմբերին, սակայն մի քանի ամիս պահանջվեց կիսատ աշխատանքներս ավարտելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարության գործընկերներին վստահության և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների ընթացքում է և ամենայն հաջողություն եմ մաղթում նախարարությանը դրանք իրագործելու ընթացքում: Հաջողություն եմ մաղթում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմի հեղափոխական հատվածին: Ինքս պատրաստվում եմ առաջիկա առնվազն մեկ կամ մեկ ու կես տարին ամբողջությամբ տեղափոխվել գիտական միջավայր և ի վերջո ժամանակ հատկացնել ատենախոսությանս վրա հիմնովին աշխատելու համար: Հեռու չեմ գնում՝ մտածում և գրում եմ Հայաստանի (քաղաքական) արդիականացման մասին: Հայաստանի արդիականացման մասին խոսակցությունների և ըստ այդմ օրակարգ ձևակերպելու կարիք շատ կա, կան նաև մարդիկ, որոնք խոսում և կարող են առավել շատ խոսել դրա շուրջ»,- նշել է խորհրդականը: