«Իրատես» թերթը գրում է. «Երբ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է «Մոնումենտի» տների օրինական եւ ապօրինի լինելու մասին ու հրահանգում զբաղվել այդ հարցով, ակամայից հիշում ես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որը տեւական ժամանակ խորհրդարանում բարձրաձայնում էր ՎՊ-ի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան խնդիրը:
«Շուրջ 3 տարի ձգվող խորհրդարանական հրապարակային քննությունից հետո մեզ, ի վերջո, հաջողվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ կապված չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել: Խոսքը ՎՊ նախագահի մի քանի միլիոնանոց դղյակի մասին է, որը կառուցվել է պաշտպանության նախարարության հարեւանությամբ:
Այդ դղյակը կառուցելու ժամանակ Իշխան Զաքարյանը չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու, թե իրեն, որ միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, որտեղի՞ց այդքան փող՝ նման դղյակ կառուցելու համար: Սրա համար Զաքարյանը մի մեխանիզմ էր մշակել, որ, այո, այդ տունը կառուցում է ինքը, բայց ոչ իր փողերով՝ այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար՝ վերջինիս փողերով… Սա ի՞նչ հանելուկ է: Լավ, ընկերական հարաբերություններով 5, 10, 20, լավ 30 հազար նվիրել, բայց 1-2 միլիոն փողը ո՞նց են նվիրում»,- տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Բառապաշարի առումով բան չի փոխվել, ընդամենը կարգավիճակի փոփոխություն է եղել: Հնարավոր է` այդ վերափոխման արդյունքում է, որ այսօր նա միայն որոշ նախկինների առանձնատների մասին է խոսում, իսկ իր իսկ միջոցներով դեռ տարիներ առաջ բացահայտած «կոռուպցիոն մեխանիզմներով» կառուցված առանձնատան տիրոջ մասին լռում է:
Փաստորեն, սա այն դեպքն է, երբ կան նախկիններ եւ ավելի նախկիններ: Եթե այսօրվա վարչապետը հավես ունենա, մեկիկ-մեկիկ դիտի ընդդիմադիր Փաշինյանի ելույթներն ու դրանց հետքերով գնա, գուցե ավելի շատ գործ կարող է անել, քան այն, ինչ հիմա անում է: Ի վերջո, կստանա նաեւ իրեն այդքան հուզող` Իշխան Զաքարյանի առանձնատան «հանելուկի» պատասխանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում