«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Եվ այս շրջանում, չնայած իշխանությունների հավաստիացումներին, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում վարակների նկատմամբ վերահսկողական աշխատանքի որակը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը թույլ չտալու հարցում վերահսկողություն իրականացնող մարմիններն են Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:
Եվ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսի կրողը լինել, ու շփումների միջոցով այն կարող է տարածվել:
Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են վերահսկողություն իրականացնում: «Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում. եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է, ստուգվում է: Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում», – նշեց Նարեկ Զեյնալյանը:
Եվ, վերջինիս խոսքով, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է: Մնում է միայն հասկանալ, թե 14 օր ով ինչ որակով եւ պատասխանատվությամբ է պոտենցիալ վիրուսակիրներին վերահսկում: Հուսանք՝ դա չի արվում միայն խոսքով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում