Հարթագյուղը տեղակայված է Լոռու մարզում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր է, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Գյումրիից և Սպիտակից հեռավորությունը՝ 25 կմ է։
Գյուղից 1 կմ արևելք՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա է գտնվում Սուրբ Հովհաննես մատուռը, այն Հարթագյուղի հայտնի սրբատեղին է։ 13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը:
«Երբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխել են Հայաստան, երազ են տեսել, որ պետք է այստեղ մասունք թաղեն: Հետո բերել են մասունքն այստեղ թաղել: Իրենք այս փոքր խաչն են կառուցել: Հետո իմ քեռին՝ Գեւորգ Ոսկանյանը, այդ խաչի տարածքում 1958 թվականին կառուցել է այս մատուռը»,- պատմում է Սուրբ Հովհաննես մատուռում ծառայող Վելիսոն Սիմոնյանն ու նշում, որ Սուրբ Հովհաննեսն իրեն երազ է եկել, ասել, որ հենց ինքը պետք է մատուռը պահի:
Արդեն 27 տարի է, ինչ Վելիսոնն այստեղ ծառայում է: «Քեռիս էր այստեղ ծառայում: Ինքը որ մահացավ, Սուրբ Հովհաննեսն ինձ 6 անգամ երազ եկավ, որ ես պետք է գամ այստեղ: Բայց ես չէի գալիս: Յոթերորդ անգամ, որ երազ եկավ, ասաց՝ եթե չեկար իմ օջախին տիրություն անես, ուրեմն քեզ վտանգ կպատահի: Դրանից հետո ես եկա այստեղ՝ ծառայելու»:
Վելիսոնն ասում է, որ դեպի մատուռ մարդկանց հոսքը չի դադարում. գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Վստահեցնում է՝ եթե հավատքով են գալիս, բոլոր երազանքներն ու ցանկություններն անպայման իրականություն են դառնում:
«Պետք է մաքուր սրտով գաս: Մարդիկ այս սրբին շատ են հավատում: Իրենց նպատակներն ու երազանքները կատարվել են: Հավատքով գալիս ես, նպատակդ ստանում՝ գնում ես»,-ասում է նա:
2157 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում 2005 թվականից խաչքարեր են տեղադրվում, որոնք հատուկ նշանակություն ունեն. ամեն մեկը մի կատարված խնդրանք-նպատակի մասին է փաստում:
«Առաջին խաչքարը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել, այստեղ խաչքար կա նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից: Խաչքարերի 80 տոկոսից ավելին տեղադրվել են այն ընտանիքների կողմից, ովքեր երեխաներ չէին ունենում, սակայն մատուռ գալուց հետո մարդիկ երեխա են ունեցել, հետո եկել են ու, որպես շնորհակալություն, խաչքար տեղադրել»,-պատմում է Վելիսոն Սիմոնյանը:
Այժմ մատուռի տարածքում 322 խաչքար է տեղադրված, ևս 30 խաչքար էլ սպասում էին, որ տեղադրեն:
Պրոցեսը շարունակական է. ուխտավորները պարբերաբար ականատեսն են դառնում հերթական խաչքարերի տեղադրմանը:
live24.am