ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 27-ին կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող ուղևորների մոտ սահմանային կետերում հիվանդության հայտնաբերման դեպքերում տարածման կանխարգելման ուղղությամբ։
Նախարարի խոսքի ավարտին դեսպաններն իրականացվող քայլերի շուրջ հարցեր ուղղեցին Արսեն Թորոսյանին։
Հանդիպմանը ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, որը ներկայացրեց համաճարակի շուրջ իր երկրում վերջին վիճակագրությունը՝ հայտնելով, որ ապաքինվածների թիվը համեմատական կարգով օրեցօր աճում է և Չինաստանի իշխանություններն ակնկալում են ընթացիկ գարնանն արդեն իսկ կանխել վիրուսի տարածումը։
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն ներկայացրեց Իտալիայում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 400-ը, սակայն և՛ քանակային, և՛ տարածքային իմաստով վիճակագրությունը չնչին է և չի գերազանցում տոկոսի տասներորդական մասը։
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղեկացրեց կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
Հանդիպման արդյունքներն ամփոփվեցին առողջապահության նախարարի կողմից, իսկ Ավետ Ադոնցը հայտարարեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները կկազմակերպվեն կանոնավոր կերպով՝ ըստ անհրաժեշտության»,- նշված է հաղորդագրության մեջ։