Search
Close this search box.

«Բարգավաճ Հայաստան»-ը կոչ է անում վերանայել երթևեկության բալային համակարգի արդյունավետությունը

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում բալային համակարգի ներդրումը՝ առանց պատշաճ ավտոմոբիլային ճանապարհների ապահովման, խմբակցությունը կոչ է անում վերանայել համակարգի արդյունավետությունը:

Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին

Նա նախ նշեց՝ թեև պաշտոնական թվեր չկան, բայց մասնագետները պնդում են, որ ՀՀ-ն ապահովում է օրենքից բխող պատշաճ ավտոմոբիլային ճանապարհների մոտ 17 տոկոսը: «Կարծում եմ առնվազն ազնիվ չէ 17 տոկոս ճանապարհային ծածկույթ ապահովող երկրում գնալ նման ռեֆորմի՝ չներկայացնելով նույնիսկ, թե արդյոք մեր երկիրը ունի հստակ ժամանակացույց՝ տեսանելի ժամանակում ապահովելու այդ ծածկույթի 45-50 տոկոսը: Այն երկրները, որոնք անցում են կատարել բալային համակարգի, դա արել են անհրաժեշտ տարրական պայմաններն ապահովելուց հետո միայն»,-ասաց Իսայանը:

Նա շեշտեց՝ ոչ ոք, այդ թվում իրենք չեն կարող կողմ լինել ամենաթողությանը: Վստահեցրեց, որ իրեն խմբակցության ոչ մի պատգամավոր չի կարող դեմ լինել գործող օրենքի խստացմանը, որը տարեսկզբից վարորդական իրավունքից զրկել է այն վարորդներին, որոնք վարել են առանց պետհամարանիշների, ոչ սթափ վիճակում: «Խնդիրն այլ է:

Երբ մենք ասում ենք, որ բալային համակարգը ներդրվել է առանց խորքային ուսումնասիրության, առանց մասնագետների հետ պատշաճ քննարկումների, առանց ավտոմոբիլային ճանապարհ հասկացության գոնե 40 տոկոսի ապահովման, մեզ պատասխանում են, որ մինչ այս պահը բալային համակարգի ներդրման արդյունքում ոչ ոք չի զրկվել վարորդական իրավունքից: Մեր կոչը, հորդորը հետևյալն է՝ վերանայել այս համակարգի արդյունավետությունը այն դեպքում, երբ մենք որպես պետություն վարորդների համար չենք ապահովում մինիմալ ավտոմոբիլային ճանապարհ՝ դրանց դասական իմաստով»,-ասաց պատգամավորը:

Հայաստանում 2020-ի հունվարի 1-ից ներդրվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը: Յուրաքանչյուր անձ, ով իրավունք ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով:

Please enter a valid URL