Search
Close this search box.

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն «Независимая газета»-ի հոդվածի համար

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ «Независимая газета»-ում սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն:

Դեսպան Տողանյանը «Говорит Москва»-ին տված հարցազրույցում նշել է, որ դիմել է դատախազությանն ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով:

«Մենք չենք պահանջի «Независимая газета»-ից հերքում, քանի որ այն, ինչ կար թերթում, համարում ենք սրբապղծություն, վայրի և քրեորեն պատժելի: Մենք կարծում ենք, որ առաջին հերթին պատասխանատվություն է կրում թերթը, որը համարվում է լիցենզավորված ընկերություն: Այն ունի ԶԼՄ-ի լիցենզիա և փաստացի, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ առկա է ԶԼՄ-ի մասին օրենքի ակնհայտ խախտում: Այդ հրապարակման մեջ առկա է քրեական հոդվածների մեծ փունջ, ինչի հետ կապված ես դիմել եմ գլխավոր դատախազություն»,-նշել է դեսպանը:

Վարդան Տողանյանը նաև կասկածի տակ է դրել այն փաստաթղթերը, որոնց մասին հիշատակել է հոդվածի հեղինակը՝ Լև Ասկերովը:

«Ես չգիտեմ, թե ինչ արխիվային նյութերի մասին է խոսքը: Հատուկ ծառայությունների մոտ, երևի, կան տարբեր նյութեր: Թե որքանով են դրանք լուրջ, որքանով է 5 կոպեկի հասարակ մատնություն, դժվար է ասել: Մենք գիտենք, թե ինչպես է ներկայում խեղաթյուրվում պատմությունը և ոչ միայն 20-րդ դարի: Եվ մենք հասկանում ենք, որ այն, ինչ հարմար է, կարելի է գտնել արխիվներում, և այս կամ այն նյութերն առանձին գործերում, կարելի է վերցնել և օգտագործել»,-հավելել է Վարդան Տողանյանը:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նաև տեղեկացրել է, որ դիմել է ոչ միայն Ռուսաստանի դատախազությանն, այլև Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայություն («Роскомнадзор»): Նա ընդգծել է, որ լրատվամիջոցն ինչ-որ մասով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար:

«Ելնելով պատասխանատվությունից՝ պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության հրահրման մասին է, այդ իսկ պատճառով ես դիմել եմ դատախազությանը և ոչ միայն ես, այլև շատ հայկական հասարակական կազմակերպություններ»,-նշել է դեսպանը:

Ավելի վաղ Ռուսաստանի հայերի միությունը դիմել էր «Независимой газете»-ին՝ պահանջելով հերքում «Սումգայիթյան ողբերգություն: Ինչպե՞ս սկսվեց և ինչպես եղավ» հոդվածի հետ կապված, որում ակնհայտորեն կեղծվում են պատմական փաստերը:

Please enter a valid URL