Արթուր Վանեցյանը, մեր տեղեկություններով, զբաղված է ակտիվ կուսակցաշինական աշխատանքով։ Կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է։ Նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։
Նրանց թվում են ե՛ւ մտավորականներ, ե՛ւ նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։ Մենք տեղեկացանք, որ արդեն պատրաստ է նաեւ կուսակցության գլխավոր գրասենյակը։
Այն գտնվում է իշխանությունների սիրելի «Դվին» հյուրանոցի հենց դիմաց։ Հավանաբար՝ 2 օրից Վանեցյանն ու իր թիմի կորիզը կնստեն այս գրասենյակում։ Մարզերում եւս գրասենյակներ կբացվեն։
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչից է սկսելու Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Առաջիկայում այցելելու եմ մարզեր, զրուցելու եմ քաղաքացիների հետ, որպեսզի հասկանամ հասարակության մեջ տիրող տրամադրությունները եւ ներկայացնեմ իմ մոտեցումները։
Պետք է ձեւավորենք մեր կուսակցության համախոհների ճամբարը»։ Ըստ ամենայնի, փորձելու են հասկանալ՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու համար հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։