Երեկ՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։
Դրամահավաքի մեկնարկին տեղի ունեցավ հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի համար առաջարկված լոգոների մրցանակաբաշխություն։
Մրցույթի մասին հայտարարությունն արվել էր դեռևս փետրվարի 16-ին, որում մասնավորապես ասվում էր. «Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․
1. «Այո»-ի լոգո
2. Բաների, սքրոլերի դիզայն
3. Ֆլայերների դիզայն
4. Facebook-ի համար նախատեսված cover նկար
5. Facebook-ի համար նախատեսված profile նկար
6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ
Առաջարկներ կարող ներկայացնել բոլոր հետաքրքրված անհատները և կազմակերպությունները: Առաջարկները տեղադրվելու են ԱՅՈ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև դրանք կարող են հանրայնացվել հեղինակների կողմից:
Առաջարկները հարկավոր է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է, մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Հաղթող մասնակցին ընտրելու է ԱՅՈ-ի շտաբը:
1-ին տեղ՝ 3 միլիոն դրամ
2-րդ տեղ՝ 2 միլիոն դրամ
3-րդ տեղ 1 միլիոն դրամ»։
Երեկ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակները հանձնեցին լավագույն «Այո»-ի լոգոյի տարբերակներին։ Խոստացվածի համաձայն՝ 3-րդ մրցանակակիրը ստացավ 1 միլիոն դրամ, 2-րդ մրցանակակիրը՝ 2 միլիոն դրամ, իսկ 1-ին մրցանակակիրը, որի առաջարկած լոգոն օգտագործվելու է քարոզարշավի ընթացքում, ստացավ 3 միլիոն դրամ։
Առաջին տեղը գրաված լոգոն պատրաստվել է Garoon գործակալության կողմից։
Ինչպես երևում է, լոգոյի հիմնական պատկերը հենց «Այո» բառն է, վերջին ձայնավորի վրա շեշտադրմամբ՝ հատուկ ձևավորմամբ։ Հետևաբար, բոլոր քարոզչական պաստառներում օգտագործվելու է նշված լոգոն, գուցե և տարբեր ետնապատկերներով և գույներով։
Պարզվում է, սակայն, որ լոգոյում պատկերված «Այո»-ի ձևավորումը բոլորովին էլ նոր չէ, դեռ ավելին՝ ունի շուրջ 30 տարվա պատմություն։
Այսպես, նույն ձևավորմամբ «Այո»-ի սկզբնաղբյուրը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի՝ Խորհրդային միության կազմից անկախանալու համար իրականացված հանրաքվեին ընդառաջ թերթերից մեկում պատկերված նկարն է։