Search
Close this search box.

Պարեն ու աղքատություն․ պաշտոնական տվյալներ

Իշխանությունների վերաբերմունքը տնտեսական վիճակագրության նկատմամբ հասկանալի է: Նրանց միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում: Հետևաբար փորձում են չտեսնելու տալ «ոչ նպաստավոր» վիճակագրություն ամփոփող հրապարակումները:

Դրանցից մեկն, օրինակ, «Պարենային ապահովություն և աղքատություն. 2019թ․ հունվար-դեկտեմբեր» ամփոփագիրն է: Վերնագրից իսկ հասկանալի է, որ այն իր մեջ կարող է պարունակել տվյալներ, որ հակասության մեջ են իշխանությունների տնտեսական պատկերացումների հետ: Ուստի պարզապես թվարկենք այն տվյալները, որոնք մեր իշխանությունները կգերադասեն չնկատելու տալ: Նախ ճշտենք` վերնագրում նշվող 2019 տարեթիվը մի փոքր չափազանցություն է: Վիճակագրական տարեգրերի տվյալների մեծ մասը ամփոփված է 2018-ի թվերով: 2019-ի մասին այս հաշվետվությունում կարելի է ընդգծել, որ մեր արտաքին առևտուրը աննախադեպ էր: Պատմական իմաստով աննախադեպ էր գրանցած բացասական հաշվեկշռի ծավալ-չափով: Արտաքին առևտրում հաշվեկշիռը բացասական է անվանվում, երբ ներմուծումները գերազանցում են արտահանումներին: Մեր պատմության ողջ ընթացքում այս հաշվեկշիռը բացասական է եղել: Անցած տարի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 873.5 մլն դոլար, որ երբևէ արձանագրված ամենամեծ տարբերությունն է:

Հետաքրքիր մեկ փաստ` վերջին 2 տարում մեր գյուղատնտեսությունը կրճատվում է: Մինչդեռ արտահանումների մեջ ավելանում է սննդամթերքի մասնաբաժինը: 2019-ին սննդամթերքի կշիռն արտահանման ծավալում 30 տոկոս էր՝ 2018-ի 29 տոկոսի դիմաց:

Այս փաստաթղթի գործազրկության մասին տվյալը մեր իշխանությունները բազմիցս ցիտել են: 2017-ին գործազրկության միջին տարեկան գործակիցը 20.8 տոկոս էր, 2018-ինը` 20.5 տոկոս: Բայց երբեք չեն նշի, որ գործազրկության միջին մակարդակից բարձր ցուցանիշով առաջինը Տավուշի մարզն է` 30.3 տոկոս, ապա Երևանը` 27.4, Կոտայքի մարզը` 25.5, Շիրակի մարզը` 22.9 և Վայոց ձորի մարզը՝ 21.8 տոկոս:

Ամփոփագիրը հայտարարում է, որ 2019-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ: Այնուհետև նշվում է, որ միայն Սյունիքի մարզում և մայրաքաղաքում է միջին աշխատավարձը գերազանցում հանրապետական միջին ցուցանիշը` 266,8 հազար և 201.5 հազար դրամ համապատասխանաբար: Աշխատավարձի չափով երրորդը Արարատի մարզն է` 168 հազար դրամ, որ արդեն պակաս է միջին հանրապետականից: Մյուս մարզերում ավելի ցածր է։

Մյուս տվյալները, որով մեր իշխանությունները չեն հպարտանա, վերաբերում են կրթության ոլորտին: Տարրական դասարաններում ընդգրկված է այդ տարիքի երեխաների 91.1 տոկոսը (2015թ․ այդ ցուցանիշը 91.6 էր): Իսկ հանրակրթության համակարգում ընդգրկված երեխաների քանակը կազմել է 83 տոկոս (2015-ի 86.4 տոկոսի փոխարեն): Այս թվերի կողքին կարելի է տեսնել, որ միանվագ օգնություն ստացող ընտանիքների քանակը մոտ 11.1 հազար է (2015-ին մոտ 15.8 հազար ընտանիք էր):

Պարենային ապահովության և աղքատության մակարդակը նկարագրող հաշվետվության մեջ, բնականաբար, բազմաշերտ տվյալներ կան: Այստեղ կան տվյալներ այն մասին, որ աղքատության մակարդակը նվազում է` 2018-ին կազմել է 23.5 տոկոս (2017-ին 25.7 էր), և աղքատության կրճատման տեմպը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

Հետաքրքիր են նաև թույլատրված ծառահատումների մասին տվյալները: 2015-ին ծառահատումներ թույլատրվել են 1501 հա տարածքի վրա, 2016-ին` 1940, 2017-ին` 2010, 2018-ին` 2015: Վիճակագրությունը նաև անողոքաբար հրապարակում է, որ 2016-ին ապօրինի հատվել է մոտ 2.2 հազար ծառ, 2017-ին` 30,7 հազար ծառ, իսկ 2018-ին` 12.8 հազար: Սրան զուգահեռ բերվում են տվյալներ, թե անտառվերականգման նպատակով քանի տնկի է արտադրվել ու տնկվել: 2017-ին արտադրվել է 44.2 հազար տնկի, իսկ 2018-ին ընդամենը 12 հազար 821 տնկի (hիշո՞ւմ եք, թե քանի ծառ են խոստանում տնկել մեր իշխանություններն անցյալ և ապագա ծառատունկների բանավոր ծրագրերում: Եթե հիշում եք, ապա պատկերացրեք, թե ինչ բարդ է լինելու վիճակագիրների համար այդ թվերը գրավոր հաշվետվության մեջ տեղադրելու համար):

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան

Please enter a valid URL