«Հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, մրցունակ, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների: Այս ճանապարհը, որն անցնում ենք, ինստիտուտների կայացման ճանապարհ է»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում չի կարող լինել որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին, իսկ գործող Սահմանադրական դատարանը, ըստ նրա, որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության անվստահությունը:
Փաշինյանը հայտարարեց, որ «Այո»-ի շտաբն առաջիկայում ինտենսիվ քարոզարշավ է սկսելու, և ինքն անձամբ էլ ակտիվ քարոզչական հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի բոլոր քաղաքներում:
«Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, դա մեր հույսն է, և դրա համար անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց անկախ արդյունքներից՝ հաղթելու է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, հպարտ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»,- եզրափակեց վարչապետը: