Երեկ՝ փետրվարի 22-ին, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Պ.-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Գ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնից դուրս գալու ժամանակ նկատել են, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ֆրունզիկ Շահինյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 PT 060 համարանիշի ավտոմեքենայով Սարգսյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բարձր արագությամբ մանևրում է, այնուհետև ընթացել է իրենց ուղղությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության ծառայողները փորձել են կանգնեցնել, սակայն Ֆ. Շահինյանը չի ենթարկվել նրանց «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է բարձր արագությամբ ընթանալով՝ այս անգամ Սարգսյան և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկում կրկին մանևրելը հանդիպակաց գոտով և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ապա դիմել փախուստի:
Կարճ ժամանակ անց Ստեփանավանի ոստիկանները ավազակություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Տերյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց առանց նշված ավտոմեքենայի հայտնաբերել են Ֆ. Շահինյանին: Խուլիգանություն կատարելու կասկածանքով Opel մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման ենթարկելուց Տերյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենայի ընթացքի ժամանակ Ֆ. Շահինյանը բացել է ավտոմեքենայի դուռը և փորձել դիմել փախուստի, սակայն ոստիկանները կանխել են:
Դրանից հետո, ըստ նախնական տեղեկությունների, Ֆ. Շահինյանը, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, իսկ հետո պոկել ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը:
Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է «առյուծի կաթ խմած հերոսին» բերման ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և այդ նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության 7-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ, ըստ տեղեկությունների, Ֆ. Շահինյանը ՀՀ ՊՆ ծառայող է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-միջոցառումներ՝ ВАЗ 21073 մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: