Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս Ազգային հիփոթեքային ընկերությունը հորդորում է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Առանց պայմանագրերի կնքման և համապատասխան փաստաթղթերի առկայության (նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն) պետք չէ վճարել կանխավճար և/կամ նախավճար:
Վերը նշվածին չհետևելը պոտենցիալ գնորդ-վարկառուների համար հղի է հնարավոր ֆինանսական կորուստներ ունենալու զգալի ռիսկերով, քանի որ շենք/շինությունների չկառուցման և/կամ անավարտ մնալու ռիսկերը կրում են գնորդ-վարկառուները:
«Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր կողմից իրականացվող ծրագրերի վարկավորման պայմանները, վարկերը առավել բարենպաստ պայմաններով բնակչությանը (անկախ մասնագիտությունից, տարիքից և այլն) հասանելի դարձնելու նպատակով:
Մասնավորապես, կանխավճարի մեծությունը կարող է կազմել 7,5% (30%-ի փոխարեն), եթե վարկառուն հանդիսանում է մինչև 30 տարեկան չամուսնացած անձ, իսկ բնակարանը ձեռք է բերվում առաջնային շուկայից: Այս դեպքում պահանջվում է նաև երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 7,5% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով, կամ 10% մնացած բոլոր վարկառուների համար, ընդ որում բնակարանը կարող է ձեռք բերվել թե առաջնային, և թե երկրորդային շուկայից: Այս դեպքում ևս պահանջվում է երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 10% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով:
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործունեության շրջանակներում վերաֆինանսավորում է միայն իր կողմից ներկայացված ստանդարտներին համապատասխան վարկերը: Նշյալ ստանդարտները առաջին հերթին միտված են պաշտպանելու գնորդ-վարկառուների շահերը»,-նշված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net