Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում տեղի ունեցողի առնչությամբ հնարավոր է կիրառել պատերազմ ձեւակերպումը: Նրա խոսքով, Թուրքիան սկսել է ռազմական գործողությունը եւ չի նահանջի, քանի դեռ չի նահանջել սիրիական բանակը: Սիրիայի բանակին աջակցելու եւ Իդլիբի ապառազմականացված գոտու շուրջ պայմանավորվածությունը չհարգելու համար Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին եւ Իրանին: Ռուսաստանն իր հերթին ասում է, որ Թուրքիան չի ապահովել պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորությունը եւ չի զսպել ահաբեկչական խմբավորումներին:
Նախօրեին ռազմական գործողություն սկսած թուրքական միավորներին ռմբահարել է ռուսական ավիացիան, այդպիսով օգնելով սիրիական բանակին հետ մղել թուրքական գրոհն Իդլիբի ուղղությամբ:
Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 21-ի երեկոյան իր ու Պուտինի միջեւ հեռախոսազրույցից է կախված հետագա գործողությունները: Միաժամանակ, նա քննարկել է հարցը Մակրոնի եւ Մերկելի հետ, որոնք ավելի վաղ խոսել էին Պուտինի հետ: Նրանք առաջարկում են մարտի առաջին օրերին անցկացնել քառակողմ հավաք-քննարկում Իդլիբի հարցում:
Ամերիկյան Բլումբերգը հայտնել էր, որ Թուրքիան օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ ռուսական ռազմական ավիացիայի դեմ, սակայն ամերիկյան կողմն առայժմ ձեռնպահ է մնում Իդլիբի հարցում Թուրքիային անմիջական օժանդակություն հայտնելուց:
Եթե Դամասկոսը վերասկողության տակ վերցնի Իդլիբը, ապա դա կլինի լուրջ հաղթանակ Մոսկվայի համար, առաջին հերթին Անկարայի նկատմամբ: Մոսկվան թույլ կտա՞ իրեն այդպիսի «ճոխություն», կբավականացնի՞ համարձակությունը: Ակնառու է, որ դրա համար թերեւս հարկ կլինի պայմանավորվել ԱՄՆ հետ: Պուտինը ակնարկել է այդ պատրաստակամության մասին:
Բայց նախ խնդիր է այն, թե ինչ մոտեցում կգերակայի Ռուսաստանում վերջնական որոշման առումով: Որովհետեւ Թուրքիայի հանդեպ այդ հաղթանակը Ռուսաստանից պահանջելու է հետագա նույնքան լուրջ սպասարկում, այդ թվում նաեւ կովկասյան եւ հայկական ուղղությամբ քաղաքականության էական վերանայում, Հայաստանի եւ հայկական իրավունքի ճանաչում: Պատրա՞ստ է դրան Մոսկվան, թե՞ այնտեղ գերիշխում են մարգարիտասիմոնյանական տրամադրություններ ու զգացումներ, որոնց համար Հայաստանի անկախությունն ընդամենը հեգնանքի, ոչ թե հարգանքի առարկա է:
Համենայն դեպս, ռուսական հեղինակավոր փորձագիտական շրջանակներում խոսում են, թե Սիրիայում Թուրքիայի պարտությունը Մոսկվային պետք չէ: Դրան զուգահեռ, Ռուսաստանի սպաների միության ղեկավար, գեներալ Լիպովոյը օրերս հայտարարել էր, որ Թուրքիան կանգ չի առնելու եւ նրա նպատակը Հալեպն է, Օսմանյան կայսրության վերականգնումը, ոչ միայն Իդլիբը: Ռուս գեներալի համոզմամբ, Թուրքիային պետք է կանգնեցնել:
Ո՞ր թեւը կհաղթի Ռուսաստանում, Պուտինին կհամոզեն պայմանավորվե՞լ Էրդողանի հետ հերթական անգամ, թե՞ Մոսկվան Ասադին կօգնի ավարտել Իդլիբի վերահսկողության ռազմարշավը, Թուրքիային առաջին անգամ ցույց տալով իր տեղը:
lragir.am